Հայ-թուրքական սահմանն իրականում որոշվում է Վուդրո Վիլսոնի արբիտրաժային որոշմամբ

PanARMENIAN.Net - Հետաքրքրությունը պայմանագրերի հանդեպ պայմանավորված է նրանով, որ բոլորը մինչ այժմ շեշտը դնում էին պատմության վրա, բոլորովին մոռանալով խնդրի իրավական կողմի մասին: 1918-1923 թթ. կնքվել է հինգ պայմանագիր, որոնք սահմանում էին հայ-թուրքական սահմանը: Այդ մասին PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտարարել է դիվանագետ եւ պատմաբան Արա Պապյանը: «Առաջինը 1920 թվականի օգոստոի 10-ի Սեւրի պայմանագիրն է, այնուհետեւ 1920 թ. դեկտեմբերի 3-ի Ալեքսանդրոպոլի պայմանագիրը, Մոսկվայինը, կնքված 1921 թ. մարտի 16-ին, նրանից բխող Կարսի պայմանագիրը 1921 հոկտեմբերի 13-ին եւ, վերջապես, 1923 թ. հուլիսի 24-ին կնքված Լոզանի պայմանագիրը: Ընդհանրապես միջազգային պայմանագրերը կարող են ստորագրել միայն միջազգային իրավունքի սուբյեկտները, այսինքն լեգիտիմ կառավարությունն իր լիազոր ներկայացուցչի միջոցով: Այդ տեսակետից, իրավական առումով վավեր են միայն Սեւրի եւ Լոզանի պայմանագրերը: Ալեքսանդրոպոլի պայմանագիրը ստորագրվել է այն ժամանակ, երբ քեմալականները դեռեւս Թուրքիայում իշխանության ղեկի մոտ չէին, իսկ Դաշնակցությունն արդեն կորցրել էր իշխանությունը: Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերն ընդհանրապես իրավական ուժ չունեն, քանի որ ստորագրված են քեմալականների կողմից, թեեւ մինչեւ 1923 թ. Թուրքիայի ղեկավարը սուլթանն էր: Ի դեպ, հիշեցնեմ, որ դեռեւս 1920 թվականի մայիսի 11-ին թուրքական ռազմական տրիբունալի կողմից կոչումից զրկված գեներալ Մուստաֆա Քեմալը (ավելի ուշ Աթաթուրք) դատապարտվել էր մահապատժի որպես ռազմական հանցագործ: Դատական որոշումը հաստատվել էր սուլթանի կողմից 1920 թվականի մայիսի 24-ին: Ինչ վերաբերում է Խորհրդային Ռուսաստանին, ապա նա մինչեւ 1924 թվականի փետրվարի 1-ը լեգիտիմ պետություն չի ճանաչվել եւ, բնականաբար, նրա ստորագրությունը միջազգային իրավունքի տեսակետից նույնպես անվավեր է»,-ասել է Պապյանը:



Ըստ պատմաբանի, ճիշտ է, Սեւրի պայմանագիրը չի վավերացվել, սակայն այն ուժի մեջ է մնում: «Սակայն կարեւորն այն է, որ հայ-թուրքական սահմանը որոշվեց ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի միջնորդական որոշմամբ: Հավանաբար, քչերն են հիշում, որ Հայաստանը Առաջին աշխարհամարտում հաղթանակած երկրներից մեկն էր եւ նրա ստորագրությունը կա Սեւրի պայմանագրի տակ: Արբիտրաժային որոշման խնդրանքով ԱՄՆ-ի նախագահին էին դիմել Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան եւ Իտալիան: Ըստ իրավական նորմերի այդ որոշումը բեկման ենթակա չէ եւ չունի սահմանափակում ժամանակի առումով: Վուդրո Վիլսոնն իր որոշումը ստորագրեց 1920 թվականի նոյեմբերի 22-ին, դեկտեմբերի 6-ին այն փոխանցվեց հաղթանակած երկրների Փարիզյան կոնֆերանսին, սակայն, ցավոք, դեկտեմբերի 3-ին Հայաստանը գրավել էր 11-րդ Կարմիր բանակը: Այդ կապակցությամբ պետք է նշեմ, որ 1991 թվականին անկախություն հռչակելով, Հայաստանը կրկին դարձավ միջազգային իրավունքի սուբյեկտ: Ըստ արբիտրաժային որոշման Հայաստանին էին անցնում 4 վիլայեթներ` Վանը, Բիթլիսը, Էրզրումն ու Տրաբզոնը: Հայաստանն, այդպիսով, ելք էր ստանում դեպի ծով, ինչն անհրաժեշտ է երկրի նորմալ զարգացման համար: Աշխարհում միայն 33 երկրներ չունեն ելք դեպի ծով` դրանք են Աֆրիկայի կենտրոնական երկրները, մի քանի երկիր Հարավային Ամերիկայում, մի քանիսը Եվրասիայում եւ Հայաստանը»,-ընդգծել է Արա Պապյանը:



  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ
  •  Ուշագրավ
    Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
    Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
    Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
    Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
    ---