ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովը հավանություն է տվել Բնիկ ժողովրդների իրավունքների մասին հռչակագրին

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովը 61-րդ նստաշրջանի վերջին նիստերից մեկում հավանություն է տվել Բնիկ ժողովրդների իրավունքների մասին հռչակագրին, որը կոչված է նոր խթան հաղորդել 370 մլն մարդկանց խնդիրների լուծմանն ուղղված միջազգային հանրության ջանքերին: Հռչակագրին հավանություն են տվել 143 պետություններ, չորս պետություն` Կանադան, ԱՄՆ-ն, Նոր Զելանդիան եւ Ավստրալիան դեմ են քվեարկել եւ 11 երկիր ձեռնպահ է մնացել: Ձեռնպահների թվում են Ռուսաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը:



«Բնիկ ժողովրդներն իրենց ինքնորոշման իրավունքն իրականացնելիս ինքնավարության կամ ինքնակառավարման իրավունք ունեն ներքին եւ տեղական գործերին, ինչպես նաեւ

իրենց ինքնավար գործառույթների ֆինանսավորման ուղիներին եւ միջոցներին վերաբերող հարցերում»,-ասվում է Հռչակագրում: Փաստաթուղթը կոչ է անում պետություններին ապահովել այն արդյունավետ մեխանիզմները, որոնք թույլ կտան կասեցնել բնիկ ժողովրդներին իրենց հողերից, տարածքներից կամ ռեսուրսներից զրկելու, կամ նրանց վերաբնակեցմանն ուղղված ցանկացած գործողություն:



«Բնիկ ժողովրդները չեն կարող ստիպողաբար հեռացվել իրենց հողերից կամ տարածքներից: Ոչ մի տեղահանում չի կարող իրականացվել առանց բնիկ ժողովրդների ազատ, նախնական եւ գիտակցված համաձայնության...»,-ասվում է հռչակագրի առանցքային դրույթներից մեկում:



Բնիկ ժողովրդների մասին հռչակագիրն իրավական փաստաթուղթ չէ, ուստի եւ այն պարտադիր բնույթ չի կրի պետությունների համար եւ ոչ մի իրավական պարտավորություն չի սահմանի: Սակայն շատերն ընդգծում են, որ Գլխավոր վեհաժողովի կողմից հռչակագրի ընդունումը հսկայական բարոյական ուժ է տալիս նրան:



Հռչակագրում նշվում է, որ անդամ պետությունները մտահոգված են նրանով, որ բնիկ ժողովրդները դարձել են պատմական անարդարության զոհեր նրանց գաղթացման եւ հողերից զրկվելու պատճառով, հաղորդում է ՄԱԿ--ի մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---