Գյուղնախարարը՝ Ֆերմերական կոնգրեսին. Սուբսիդավորում, ոռոգում ու հակակարկտային ցանցերի ներդրում

Գյուղնախարարը՝ Ֆերմերական կոնգրեսին.  Սուբսիդավորում, ոռոգում ու հակակարկտային ցանցերի ներդրում

PanARMENIAN.Net - ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը մասնակցել է Հայաստանում ացկացվող Ֆերմերական կոնգրեսին, որը կազմակերպել էր Օքսֆամ Հայաստանյան գրասենյակը Հայաստանի գյուղատնտեսական դաշինքի հետ համատեղ:

Միջոցառմանը ներկա էր մոտ հարյուր ֆերմեր և կոոպերատիվների ներկայացուցիչ հանրապետության տարբեր մարզերից, ինչպես նաև ոլորտի զարգացման գործում ներգրավված տեղական և միջազգային կազմակերպություններ:

Նախարար Առաքելյանը նշել է, որ միջոցառումը հնարավորություն է ընձեռում ֆերմերների հետ համատեղ քննարկել հարցեր, որոնք հետագայում կարող են ընդգրկվել 2018 թվականի գյուղատնտեսության զարգացմանն ուղղված ծրագրերի մեջ:

Իր խոսքում նախարարն անդրադարձել է պետության կողմից գյուղոլորտի աջակցությանն ուղղված ծրագրերին:

Առաքելյանը նշել է, որ այս տարի կշարունակվեն պարարտանյութերի և գարնանացան սերմացուի սուբսիդավորման ծրագրերը, կպահպանվեն գներն ու ծավալները, ավելի մեծ ուշադրություն կդարձվի հասցեականության ապահովմանը: Միաժամանակ նախարարը նշել է, որ նախկինում դիզվառելիքի սուբսիդավորման համար հատկացվող և պարարտանյութերի ծրագրից մրցույթի արդյունքում տնտեսված գումարները կուղղվեն գյուղտեխնիկայի ձեռքբերման ծրագրի սուբսիդավորմանը: Նախարարը տեղեկացրել է, որ առաջիկայում կմեկնարկի լիզինգային ծրագիր, որը բավականին մատչելի պայմաններ է նախատեսում գյուղացիական տնտեսությունների համար, այն է` 20 տոկոս կանխավճար, տարեկան 2-3 % տոկոսադրույք և 3-ից մինչև 10 տարի մարման ժամկետ:

Առաքելյանն կարևորել է ոռոգման կաթիլային համակարգի և հակակարկտային ցանցերի ներդրումը` միաժամանակ նշելով, որ մասնագիտացված ընկերությունների հետ հաշվարկներ են իրականացվում այս համակարգերի ներդրման հարցում երկարաժամկետ և էժան վարկային ռեսուրսների ներգրավման հնարավորությունն ուսումնասիրելու նպատակով: Նախարարն ընդգծել է նաև ագրարային ոլորտում բարձրակարգ մասնագետների պատրաստման անհրաժեշտությունը, սննդամթերքի որակի և անվտանգության ուղղությամբ լայնամաշտաբ աշխատանքների իրականացումը, այդ թվում` պարտադիր սպանդանոցային մորթի անցման հարցը, որի վերաբերյալ որոշումն այս պահին շրջանառության մեջ է, ինչպես նաև բուսաբուծության ոլորտում սերմնաբուծարանների, իսկ անասնաբուծության ոլորտում` տոհմաբուծարանների կայացումը:

«Այս միջոցառման նպատակն է ստեղծել երկխոսության հարթակ ֆերմերային տնտեսությունների և ոլորտում քաղաքականություն մշակող մարմնի` ՀՀ գյուղատնտեսության նախարարության միջև` դրանով իսկ հնարավորություն ընձեռելով ձեզ ներկայացնել առաջարկություններ նախարարին, ինչպես նաև կիսվել միմյանց հետ հաջողված փորձով», - բացման խոսքում նշել է Օքսֆամ Հայաստանյան գրասենյակի տնօրեն Մարգարիտա Հակոբյանը: Նա նաև հույս է հայտնել, որ նման ձևաչափով միջոցառումները կկրեն շարունակական բնույթ:

Այնուհետև նախարարը պատասխանել է միջոցառման մասնակիցների հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին գյուղատնտեսության վարկավորմանը, գյուղմթերքի և սերմերի ներկրումներին, գյուղատնտեսական տեխնիկայի ձեռքբերմանը, օրգանական գյուղատնտեսությանը, կաթի գնագոյացմանը, ինչպես նաև կոոպերացիայի զարգացմանը:

Միջոցառումը կազմակերպվել է Եվրամիության ֆինանսավորմամբ իրականացվող «Հարավային Կովկասում պարենային անվտանգության բարելավում ազգային ռազմավարությունների և մանր ֆերմերական արտադրության միջոցով» քառամյա ծրագրի շրջանակում:

Ֆերմերական կոնգրեսի նպատակն է նպաստել գյուղատնտեսության և մանր ֆերմերական տնտեսությունների վերաբերյալ ռազմավարական քննարկումների ծավալմանը, ինչպես նաև հնարավոր լուծումներ գտնելու գործընթացին:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---