Հունգարիայում հրատարակվել է հայ գիտնականի «Հայոց ցեղասպանություն» գիրքը

PanARMENIAN.Net - Օրերս Բուդապեշտում հունգարերեն լեզվով լույս տեսավ անվանի արեւելագետ-միջազգայնագետ, Հայաստանի գիտության վաստակավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանի «Հայոց ցեղասպանությունը» աշխատությունը, որն իրականացրել է «Տրանսիլվանիայի հայ արմատներ» մշակութային ընկերությունը: Թարգմանությունը կատարվել է հեղինակի 2005-ին հրատարակված աշխատությունից, որը լույս էր տեսել Հայոց ցեղասպանության 90-ամյակի առթիվ ՀՀ կառավարության որոշմամբ` անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն եւ գերմաներեն լեզուներով: Եվ ահա այդ շարքը լրացնելու եկավ հունգարերեն լեզվով հրատարակությունը:



Աշխատության հունգարական հրատարակության խմբագիր, «Տրանսիլվանիայի հայ արմատներ» մշակութային ընկերության նախագահ Շարլոտտա Իշշեկուտցը, արժեվորելով հայ գիտնականի աշխատությունը եւ հունգարերեն լեզվով հրատարակելու իրենց նպատակը, մատնանշում է. «Տրանսիլվանիայի հայ արմատներ» մշակութային ընկերության նպատակն է սույն գրքի միջոցով մի քանի տեսակետից լուսաբանված նյութ ներկայացնել Հունգարիայի հասարակությանը եւ քաղաքական գործիչներին քսաներորդ դարի առաջին ցեղասպանության մասին, որը բավական եւ արժանի չափով հայտնի չէ մեր երկրում: Ուզում ենք հասնել նաեւ այն նպատակին, որ Հունգարիայի Ազգային ժողովը ճանաչի վերջապես Թուրքիայում կատարված Հայոց մեծ Եղեռնի իրական լինելը»:

Գիրքը հրատարակված է ճաշակով եւ պարունակում է մեծ թվով լուսանկարներ, որոնք հրատարակիչներին է տրամադրել ՀՀ ԳԱԱ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտը:



Պրոֆեսոր Ն. Հովհաննիսյանը վաղուց է զբաղվում Հայոց ցեղասպանության հարցերով: Նա հեղինակ է այդ հիմնախնդրին նվիրված 45 աշխատությունների, այդ թվում` հինգ մենագրական ուսումնասիրությունների, որոնք լայնորեն հայտնի են մասնագետներին եւ միջազգային գիտական հանրությանը: Նրա անգլերեն լեզվով մեկ այլ մենագրությունը` «Հայոց ցեղասպանությունը. Արմենոցիդ», ամբողջությամբ թարգմանվել եւ 2005-ին թուրքերեն լեզվով հրատարակվել է Ստամբուլում, իսկ առանձին հատվածներ` Վենետիկում հրատարակվող «Մարկո Պոլո» ամսագրում, հաղորդում է «Ազգ» թերթը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---