Քոչարյան. Լինելու է քսակների կռիվ՝ զոռբայության մթնոլորտում

Քոչարյան. Լինելու է քսակների կռիվ՝ զոռբայության մթնոլորտում

PanARMENIAN.Net - Միջկուսակցական պայքարը ստորադասվում է անձերի պայքարին: Այդ մասին հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն՝ անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական իրավիճակին:

«Ես վաղուց խոստացել էի հարցազրույց տալ, թեև ոգևորիչ որևէ բան ասելու հիմք չէի տեսնում: Անկեղծ ասած, անցած օրերի ընթացքում փորձել եմ պատասխաններ գրել ու արձագանքել մի քանի արդիական հարցերի: Սակայն ներքին դիմադրությունս այնքան մեծ էր, որ ես չուզեցի շարունակել: Քաջատեղյակ լինելով առկա իրողություններին, ընթացիկ քաղաքական գործընթացի մանրամասները մեկնաբանելու, առավել ևս՝ դրանց մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ»,-ասել է նա, հայտնում է «2rd.am»-ը:

Քոչարյանը նշել է, որ շարունակում է 2015թ. սահմանադրական փոփոխությունները մեծ սխալ համարել՝ Հայաստանի համար երկարատև բացասական հետևանքներով: Նա հավելել է, որ նոր ընտրական օրենսգիրքն իր ռեյտինգային /տարածքային/ քվեարկության համակարգով էլ ավելի է խթանելու մեր ընտրական գործընթացներին բնորոշ ամենավատ դրսևորումները:

«Ըստ էության, մեծամասնական ընտրակարգի տրամաբանությունը ակնհայտորեն գերակշռում է համամասնականին: Միջկուսակցական պայքարը ստորադասվում է անձերի պայքարին՝ գրեթե զրոյացնելով խորհրդարանական համակարգի ներքո ընտրապայքարի ծավալման գովաբանված առավելությունները: Այդպիսով, այս ընտրություններում գաղափարական պայքարը որևէ նշանակություն չի ունենալու: Դա են փաստում նաև հրապարակված տարածքային ցուցակները: Ակնհայտ է, որ լինելու է քսակների կռիվ՝ զոռբայության մթնոլորտում: Հատկապես, որ բազմաթիվ ընտրողներ այնպիսի ծանր սոցիալական վիճակում են հայտնվել, որ ըստ ամենայնի, պատրաստ չեն մերժել փողը ու թերևս կմասնակցեն ձայների աճուրդին: Ցավոք, դժվար չէ կռահել, թե ինչ պտուղներ կտա այս ամենը»,-ասել է Ռոբերտ Քոչարյանը:

Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցում է4 կուսակցություն և 5 դաշինք՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Ծառուկյան» դաշինքը, ԵԼՔ դաշինքը, Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքը, Հայ հեղափոխական դաշնակցությունը, «Հայկական վերածնունդը», ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը, Կոմունիստական կուսակցությունը, «Ազատ դեմոկրատներ» և «Ազատություն» կուսակցությունների դաշինքը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---