ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդն ընդունել է մշակութային ժառանգության պաշտպանության մասին հայկական բանաձեւը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 28-ին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի վեցերորդ նստաշրջանում Հայաստանի նախաձեռնությամբ եւ հեղինակությամբ միաձայն ընդունվեց «Մշակութային ժառանգության պաշտպանությունը որպես մշակութային իրավունքների խրախուսման եւ պաշտպանության կարեւոր բաղադրիչ» բանաձեւը (Armenia Resolution on the Protection of cultural heritage as an important component of the promotion and protection of cultural rights): Միջտարածաշրջանային այս բանաձեւը համահեղինակել էին ՄԻԽ անդամներ եւ դիտորդներ Եգիպտոսը, Ալժիրը, Թունիսը, Ռուսաստանի Դաշնությունը, Նիկարագուան, Շրի Լանկան, Անգոլան, Ղազախստանը, Եթովպիան, Բելառուսը եւ այլն:



Ընդգծելով, որ մշակութային ժառանգությունը ներկայանում է ժողովուրդների եւ անհատների մշակութային ինքնության բաղադրիչ մաս, բանաձեւում նշվում է, որ յուրաքանչյուր մշակույթ կրում է արժանապատվություն եւ արժեք, որ պետք է հարգվի եւ պահպանվի: Նշվում է նաեւ, որ մշակութային իրավունքների պաշտպանությունն ու խրախուսումը եւ մշակութային բազմազանությունը ժողովուրդների եւ քաղաքակրթությունների միջեւ հանդուրժողականության, հարգանքի, երկխոսության եւ համագործակցության բաղադրիչներ են:



Բանաձեւում մշակութային ժառանգության ավերումը բնութագրվում է որպես մշակութային իրավունքների խախտում: Շեշտվում է նաեւ, որ մշակութային ժառանգության միտումնավոր ավերումը կարող է հանդիսանալ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության քաջալերում կամ հրահրում: Խիստ մտահոգություն հայտնելով, որ աշխարհի տարբեր վայրերում շարունակվում են մշակութային ժառանգության միտումնավոր ավերման դեպքերը` բանաձեւն ընդգծում է երկրների պատասխանատվությունը ինչպես միտումնավոր ավերման, այնպես էլ այն չկանխելու, չդադարեցնելու եւ մեղավորներին չպատժելու համար:



Նույն նստաշրջանում Հայաստանը, որպես պաշտոնական փաստաթուղթ, ՄԻԽ անդամների ուշադրությանն է ներկայացրել Ջուղայի հայկական միջնադարյան գերեզմանոցի եւ ընդհանրապես Նախիջեւանում հայկական մշակութային ժառանգության ավերման վերաբերյալ նյութեր, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---