ԵԼՔ դաշինքը որևէ կերպ «Հաց բերողի» մահը քարոզարշավում չի օգտագործելու

ԵԼՔ դաշինքը որևէ կերպ «Հաց բերողի» մահը քարոզարշավում չի օգտագործելու

PanARMENIAN.Net - Արթուր Սարգսյանին հետևողականորեն խոշտանգեցին, որպեսզի ՀՀ-ում հուսահատության մթնոլորտն ավելի խորանա: Այսպիսի հայտարարություն է արել ԵԼՔ դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանը «Հաց բերող» Արթուր Սարգսյանին նվիրված ասուլիսում:

Արթուր Սարգսյանը 2016-ի հուլիսի 26-ին՝ ճեղքելով ոստիկանական պատնեշները սեփական մեքենայով սնունդ էր հացրել ՊՊԾ գնդի զավթած տարածք և միացել «Սասնա ծռերին»:

Նա հավելել է, որ պետք է ամեն ինչ անել, որ իշխանությունն իր այս նպատակին չկարողանա հասնել, հայտնում է Aravot.am-ը:

Փաշինյանն անդրադարձել է նաև այն քննադատություններին, որ ընդդիմությունն այս հարցը փորձում է շահարկել, դարձնել դրոշակ ու օգտագործել այն քարոզարշավի շրջանակներում: Անդրադարձ է արվել նաև Էդուարդ Շարմազանովի հայտարարությանն, ըստ որի որոշ ուժեր դիվիդենտներ շահելու համար քարոզարշավում կփորձեն դա օգտագործել:

«Շարմազանովը մի ռեժիմի ներկայացուցիչ է, որը սպանեց Արթուր Սարգսյանին: Առհասարակ նման քննադատություն մեզ որևէ մեկը չի կարող ուղղել, որովհետև երբ Արթուր Սարգսյանը կալանավորված էր և հացադուլի մեջ էր, առաջին օրից մենք զբաղվել ենք դրանով, մեզանից կախված մաքսիմալ ջանքերը գործադրել ենք, որպեսզի նա ժամ առաջ հայտնվի ազատության մեջ: Եթե փետրվարի 13-ին գլխավոր դատախազը որոշում կայացներ նրան ազատելու համար, շատ մեծ էր հավանականությունը, որ այս ելքը մենք չէինք ունենա»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Նշվել է, որ ԵԼՔ դաշինքի կողմից որևէ բան չի արվել ու որևէ բան չի արվելու դիվիդենտներ շահելու և «Հաց բերողի» մահը քարոզարշավում օգտագործելու համար»:

Անդրադառնալով այն դիտարկմանը, թե իշխանություններն ասում են, որ «Հաց բերողի» մահն ամենաքիչն իրենց էր ձեռնատու՝ Փաշինյանն ասել է. «Ի՞նչ է նշանակում իրենց ձեռնտու չէր, գլխավոր դատախազից կես ժամ կպահանջվեր, որ Արթուր Սարգսյանը հայտնվեր ազատության մեջ, երբ պատգամավորները երաշխավորել են»:

Նիկոլ Փաշինյանը հավելել է. «ՀՀ-ում կան խմբակներ, որ երբ մենք գնում էինք Արթուր Սարգսյանի հարցով զբաղվում էինք, ասում էին՝ նախընտրական քարոզչություն է, գնում ենք քաղբանտարկյալներին տեսնելու՝ ասում են՝ նախընտրական քարոզչություն է, չե՛նք գնում, ասում են՝ ինչո՞ւ չեք գնում: Գլուխը պատի՛ն կտա որևէ մեկը մեզ որևէ շահարկման մեջ կմեղադրի՝ ցանկացած պահից սկսած»:

«Հաց բերող» Արթուր Սարգսյանի մահվան դեպքով քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի (բժշկական օգնություն ու սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահը) հատկանիշներով:

Նախնական տվյալներով` Սարգսյանը «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել` 2017 թվականի մարտի 15-ին` ժամը 18:50-ի սահմաններում, «աճուկային օղակած ճողվածք» նախնական ախտորոշմամբ: Նույն օրը՝ ժամը 22:00-ի սահմաններում, նա ենթարկվել է վիրահատության, սակայն վիրահատությունից հետո նրա մոտ առաջացել են շնչառական խնդիրներ, ինչի պատճառով մարտի 16-ին` ժամը 00:00-ի սահմաններում, տեղափոխվել է նույն բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք, միացվել արհեստական շնչառության սարք: Մարտի 16-ին` ժամը 15:40-ին, արձանագրվել է Սարգսյանի կլինիկական մահը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---