«Հաց բերողի» մահվան փաստով քրգործ է հարուցվել

«Հաց բերողի» մահվան փաստով քրգործ է հարուցվել

PanARMENIAN.Net - «Հաց բերող» Արթուր Սարգսյանի մահվան դեպքով քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի (բժշկական օգնություն ու սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահը) հատկանիշներով:

Այդ մասին PanARMENIAN.Net ին տեղեկացրել են ՀՀ քննչական կոմիտեից:

Արթուր Սարգսյանի եղբայրը՝ Արսեն Սարգսյանը ճանաչվել է տուժողի իրավահաջորդը:

ՀՀ ՔԿ Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում` բժշկական կենտրոնում «Սասնա ծռերին» սնունդ հասցրած Արթուր Սարգսյանի մահվան հանգամանքները պարզելու համար: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, և բժշկական կենտրոնից մարտի 17-ին վերցվել են Սարգսյանի հիվանդության պատմագիրը, բուժմանը վերաբերող անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը:

ՀՀ ՔԿ նախագահի հանձնարարությամբ` վարույթն իրականացնող մարմինը տուժողի` Արթուր Սարգսյանի հարազատներին կամ նրանց կողմից առաջարկած մասնագետներին հնարավորություն կընձեռի, ցանկության դեպքում, մասնակից լինել դատաբժշկական փորձաքննության կատարմանը` գործող օրենսդրության շրջանակում, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Նախնական տվյալներով` Սարգսյանը «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել` 2017 թվականի մարտի 15-ին` ժամը 18:50-ի սահմաններում, «աճուկային օղակած ճողվածք» նախնական ախտորոշմամբ: Նույն օրը՝ ժամը 22:00-ի սահմաններում, նա ենթարկվել է վիրահատության, սակայն վիրահատությունից հետո նրա մոտ առաջացել են շնչառական խնդիրներ, ինչի պատճառով մարտի 16-ին` ժամը 00:00-ի սահմաններում, տեղափոխվել է նույն բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք, միացվել արհեստական շնչառության սարք: Մարտի 16-ին` ժամը 15:40-ին, արձանագրվել է Սարգսյանի կլինիկական մահը:

Արթուր Սարգսյանը 25 օր հացադուլի մեջ էր «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում: Մարտի 6-ին նա ազատ էր արձակվել. ՀՀ գլխավոր դատախազի որոշմամբ ընդունվել էր 27 պատգամավորի կողմից երաշխավորությունը և Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացվել էր:

Արթուր Սարգսյանը 2016-ի հուլիսի 26-ին՝ ճեղքելով ոստիկանական պատնեշները սեփական մեքենայով սնունդ էր հացրել ՊՊԾ գնդի զավթած տարածք և միացել «Սասնա ծռերին»: 2017-ի փետրվարի 9-ին դատարանը որոշել է կրկին փոխել Արթուր Սարգսյանի խափանման միջոցը՝ երկու ամսով կալանավորելով նրան: Նա այժմ մեղադրվում է զինված խմբի անդամներին օժանդակելու մեջ: Մինչև այդ Սարգսյանը մեղադրվում էր պատանդ վերցնելու, շենք, շինություններ զավթելու և ապօրինի զենք կրելու համար, ինչպես և խմբի մյուս անդամները։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---