Հայաստանը պետք է ողջ ուժերով դիմակայի ադրբեջանական քարոզչությանը

PanARMENIAN.Net - «Ադրբեջանական քարոզչության դեմ պայքարը մի բնագավառ է, որտեղ լուրջ արդյունքների հասնելու համար մենք պետք է առավելագույն չափով մոբիլիզացնենք մեր ուժերը, համադրելով Հայաստանի արտաքին գերատեսչության եւ սփյուռքյան կազմակերպությունների ու ազդեցիկ անհատների բոլոր կարողությունները»,- PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտարարել է Լիբանանում Հայաստանի դեսպան Վահան Տեր-Ղեւոնդյանը: «Բանն այն է, որ դեռեւս 1988 թվականից մինչեւ այսօր ադրբեջանական քարոզչությունը փորձում է մոլորության մեջ գցել հատկապես իսլամական աշխարհի հանրությանը արցախյան հիմնախնդիրը ներկայացնելով որպես կրոնական հակամարտություն, խտացված գույներով ու մտացածին պատմություններով ներկայացնելով «մոլեռանդ» ու «դաժան» հայերի «գազանությունները» բարի ու խաղաղասեր մահմեդականների դեմ: Այս քարոզչության արդյունքն են «Իսլամական կոնֆերանս» կազմակերպության ընդունած մի շարք հակահայկական բովանդակության բանաձեւերը, այլ միջազգային կազմակերպություններում որոշ երկրների ոչնչով չհիմնավորված միակողմանի դիրքորոշումները: Մասամբ այդ քարոզչության հետեւանքն է այն, որ առ այսօր մի շարք կարեւոր պետություններ, այդ թվում արաբական աշխարհի առաջատար պետություն Սաուդյան Արաբիան, կամ աշխարհի մեծ պետություններից մեկը` Պակիստանը դիվանագիտական հարաբերություններ չեն հաստատել Հայաստանի հետ: Մեծ հավանականությամբ այս բոլոր պետությունները արցախյան հիմնախնդրի լուծման հետ մեկտեղ կդիմեն այդ քայլին, բայց միաժամանակ ոչինչ չի խանգարում նրանց այդ անել հենց այսօր»,- ընդգծել է Տեր-Ղեւոնդյանը: Նրա խոսքերով, Հայաստան-սփյուռք ուժերի համատեղումով անհրաժեշտ է քարոզչական նյութեր պատրաստել ու տարածել հատկապես մերձավորարեւելյան երկրներում ու իսլամական աշխարհում Արցախի հարցը ներկայացնելով իբրեւ ինքնորոշման հարց (ի դեպ նույնպիսի մի հարց է նկատվում պաղեստինյանը): «Իսկ Հայաստանը ներկայացնելով իբրեւ խաղաղասեր, այլ ազգերի ու կրոնների հանդեպ հանդուրժող, մասնավորապես մահմեդական ժողովուրդների հետ խաղաղ գոյակցող ու նրանց ստեղծած մշակույթը հարգող մի երկիր: Վատ չէր լինի հատուկ մի անդրադարձ ունենալ թե ինչպես վերականգնվեց Կապույտ մզկիթը Երեւանում, ինչպես մոռացումից փրկվեց Արգավանդի թուրքմենական դամբարանը, ինչպես նորոգվեցին մզկիթները Շուշիում: Նման տեսանյութերի ու ֆիլմերի ցուցադրումը օրինակ «Ալ-Ջազիրա» եւ այլ կայաններով կարող են հսկա անդրադարձ ունենալ եւ փոխել վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ: Այս հարցում բացի Հայաստանի դեսպանություններից ու հյուպատոսարաններից, մեծ դեր կարող են խաղալ հայկական կազմակերպությունները, ինչպես նաեւ որոշ սփյուռքահայ անհատներ, որոնք բարձր դիրքերի են հասել ինչպես քաղաքականության մեջ այնպես էլ գործարար աշխարհում»,- ասել է Լիբանանում Հայաստանի դեսպանը:



  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ
  •  Ուշագրավ
    «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
    Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
    Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
    Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
    ---