ԵՄ. ժողովրդավարության զարգացման առումով Հայաստանը հետեւողականորեն մոտենում է Եվրոպային

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 16-ին Լյուքսեմբուրգում կայացավ ԵՄ-Հայաստան Համագործակցության հերթական` ութերորդ նիստը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հայկական միջգերատեսչական պատվիրակությունը` համալրված առեւտրի եւ զարգացման, ֆինանսների, էներգետիկայի նախարարությունների ներկայացուցիչներով, գլխավորում էր ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը: Եվրոպական կողմից Խորհրդի նիստը նախագահում էր Պորտուգալիայի եվրոպական հարցերով պետքարտուղար Մանուիլ Լոբո Անտունիշը:



Հանդիպման սկզբին կողմերը նշեցին, որ անցյալ շաբաթ Բրյուսել կատարած Նախագահ Քոչարյանի այցը նշանավորեց Հայաստանի եւ Եվրոպական Միության քաղաքական երկխոսության շարունակականությունը:



Նիստի ընթացքում քննարկվեցին ԵՄ Նոր հարեւանության քաղաքականության Հայաստան-ԵՄ Գործողությունների ծրագրի իրականացման ընթացքը, քաղաքական, տնտեսական եւ էներգետիկ համագործակցության հարցեր: Քաղաքական հարցերից հատուկ ուշադրություն դարձվեց հակամարտությունների կարգավորմանը, Հայաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքին, նախագահական ընտրություններին եւ մարդու իրավունքների հարցերին: Նախարար Օսկանյանը ներկայացրեց ընթացող քաղաքական եւ տնտեսական բարեփոխումները` նշելով, որ Հայաստանը վճռական է շարունակելու ցավոտ, բայց անհրաժեշտ բարեփոխումները` առավել մոտեցնելու քաղաքական չափանիշները եվրոպական մակարդակին: Նա նշեց, որ ԵՄ-ի հետ իրականացվող ՆՀՔ Գործողությունների ծրագիրը ուղեցույց է Հայաստանի տնտեսական բարեփոխումների համար:



Եվրոպական կողմն ի պատասխան նշեց, որ առաջընթացն ու արդյունքները տեսանելի են, գոհունակությամբ խոսվեց միկրոտնտեսական ցուցանիշների աճի, իրավական ոլորտում ընթացող բարեփոխումների վերաբերյալ: Նշելով, որ ժողովրդավարության զարգացման առումով Հայաստանը աստիճանաբար եւ հետեւողականորեն մոտենում է Եվրոպային, պետքարտուղար Մ. Անտունիշը վերահաստատեց ԵՄ պատրաստակամությունը շարունակելու համակողմանի աջակցությունը Հայաստանին: Նա ընդգծեց, որ ԵՄ ակնկալում է ավելի համարձակ քայլեր` մասնավորապես, մատնանշելով լրատվամիջոցների դերը նախընտրական շրջանում:



Այնուհետեւ քննարկվեցին Հայաստանում իրականացվող աղքատության կրճատման ծրագիրը, համագործակցությունը տնտեսության եւ էներգետիկայի ոլորտներում:



Եզրափակիչ մեկնաբանություններում կողմերը նշեցին, որ տարեցտարի առավել հագեցած օրակարգով են անցնում նման հանդիպումները, եւ առաջարկվեց հաճախակի դարձնել տարբեր մակարդակներով շփումները Հայաստանի եւ ԵՄ պաշտոնյաների միջեւ:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---