Վարչապետը՝ «Իզվեստիային». Ինձ վրա է դրվել ՀՀ-ում փոխոխությունների պատասխանատվությունը

Վարչապետը՝ «Իզվեստիային». Ինձ վրա է դրվել ՀՀ-ում փոխոխությունների պատասխանատվությունը

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը «Իզվեստիային» տված հարցազրույցում պատմել է «Գազպրոմից» հեռանալու և բարեփոխումներ անելու ցանկության, հայ-ռուսական գործակցության հեռանկարների, ԵՏՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների և այն մասին, թե ինչու Երևանը ասոցացման համաձայնագիր չկնքեց Եվրամիության հետ:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչու նա որոշեց հեռանալ «Գազպրոմից» և քաղաքականություն մտնել՝ Կարապետյանն ասել է, որ «շատ դրական է» գնահատում իր աշխատանքի փորձն այդ ընկերությունում:

«Եթե ինձ վստահել են վարչապետի պաշտոնը, ես պետք է ամեն ինչ անեմ, որ նպաստեմ Հայաստանի վերականգնմանը, որպեսզի այն լինի ժամանակակից, առաջ շարժվող և զարգացած երկիր: Երբ ՀՀ նախագահը ստորագրեց իմ նշանակման հրամանագիրը, նա կարևորեց քաղաքական բարեփոխումները: Ինձ վրա է դրվել երկրում փոխոխությունների համար պատասխանատվությունը: Ես այսպես եմ հասկանում՝ բարեփոխումը դա փոփոխություն է դեպի լավը, իսկ փոփոխությունը՝ մեր ամենօրյա պահանջն է: Ես ձգտում եմ իմ աշխատանքն այնպես կառուցել, որ ոչ միայն նախագահը ինձ բարեփոխիչ համարի»,-ասել է Կարապետյանը:

Ըստ վարչապետի, ԵՏՄ-ն շատ ավելի մեծ ներուժ ունի, քան թվում է: «Անդամակցելով ԵՏՄ-ին, Հայաստանը, լինելով 3-միլիոնանոց երկիր, դարձել է 183-միլիոնանոց շուկայի մաս, որը մեզ հասկանալի է, որին հասկանալի ենք մենք: ԵՏՄ տրամաբանությունը մեզ համար զուտ պրագմատիկ է՝ մենք դառնում ենք 5-յակ, որը միավորված է հսկայական շուկայով: Հայաստանը բոլոր շանսերն ունի հաջողակ լինելու համար այդ գործում», -ասել է Կարապետյանը:

«Մեր պատրաստի արտադրանքի մեծ մասը մենք արտահանում ենք ԵՏՄ շուկա, և պետք է նշել, որ ՀՆԱ-ն ԵՏՄ-ին անդամակցելուց հետո աճել է», -ասել է վարչապետը: Նա պատմել է, որ շարունակվում են բանակցությունները երրորդ երկրներ արտահանման զարգացման ուղղությամբ:

Վարչապետը նշել է, որ ՀՀ-ն հավակնում է կամուրջ լինել ԵՏՄ և այլ տնտեսական դաշինքների, օրինակ, ԵՄ միջև, ինչպես նաև Իրանի ու Մերձավոր Արևելքի երկրների հետ:

Նա նշել է, որ վերջին շրջանում ՀՀ գյուղատնտեսական ապրանքների արտահանումը աճել է 6 տոկոսով:

«2016-ին ապրանքաշրջանառությունը ՀՀ և ՌԴ միջև աճել է 6 տոկոսով: Հայաստանը կարող է առաջարկել նաև ՏՏ ոլորտի, ոսկերչության ոլորտի իր արտադրանքը», -ասել է նա:

Անդրադառնալով ԵՄ հետ ասոցացման առաջարկին և ԵՏՄ օգտին արված ընտրությանը՝ Կարապետյանն ասել է, որ ԵՄ-ն ՀՀ ամենախոշոր ներդրողներից ու դոնորներից մեկն է և որ Հայաստանը բաց ու թափանցիկ երկխոսություն է վարում Եվրամիության հետ: Նա հավելել է, որ ՀՀ-ն իրեն տեսնում է որպես այդ երկու շուկաները մերձեցնող երկիր:

Կարապետյանը պատմել է, որ ՀՀ-ն քննարկում է հայ-ռուսական գործակցության մի շարք նոր ուղղություններ:

Վարչապետը նշել է նաև, որ ՀՀ կառավարությունը բաց է քննադատության և համագործակցության համար: «Շատ բան է պետք փոխել, սակայն քայլ առ քայլ մենք կարող ենք հասնել դրված նպատակներին, իսկ նպատակներն ու ռազմավարությունը հստակ նախանշված են, և դա շատ կարևոր է», -ասել է վարչապետը:

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է նախորդ օրը կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ստացել է 771.247 քվե կամ ընտրողների ձայների 49.12%-ը, «Ծառուկյան դաշինքը»՝ 428.965 քվե կամ 27.32%-ը: ԵԼՔ դաշինքը ստացել է 122.049 քվե կամ ընտրողների ձայների 7.77%-ը, ՀՅԴ-ն՝ 103.173 քվե կամ 6.57%-ը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---