Պուտին. Երկկողմ հարաբերությունների ամրապնդումը բխում է ՀՀ և ՌԴ շահերից

Պուտին. Երկկողմ հարաբերությունների ամրապնդումը բխում է ՀՀ և ՌԴ շահերից

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձներ են փոխանակել ՀՀ և ՌԴ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ:

ՌԴ նախագահն իր ուղերձում անդրադարձել է ՌԴ և ՀՀ ժողովրդների վաղեմի բարեկամությանն ու փոխադարձ հարգանքին՝ նշելով, որ հայ-ռուսական հարաբերությունները դաշնակցային բարձր մակարդակի են հասել:

«Լավ արդյունք են տալիս մեր երկրների համատեղ մասնակցությունը եվրասիական ինտեգրման գործընթացներին, ջանքերի համակարգումը արդի սպառնալիքներին ու տարածաշրջանային մարտահրավերներին դիմակայելու գործում»,-ասվում է Պուտինի ուղերձում, հայտնում է Կրեմլի կայքէջը:

«Վերջերս Մոսկվայում տեղի ունեցած մեր բանակցությունները թույլ են տվել համատեղ աշխատանքի նոր, հեռանկարային ուղիներ նախանշել: Վստահ եմ, որ հայ-ռուսական կապերը, ինչպես երկկողմ, այնպես էլ ԵՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ և այլ կառույցներում, բխում են մեր ընդհանուր շահերից, նպաստում են խաղաղության ու կայունության ապահովմանն Անդրկովկասում և ընդհանուր առմամբ եվրասիական տարածքում», -ասվում է Պուտինի ուղերձում:

Նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված շնորհավորական ուղերձում իր հերթին մասնավորապես ասել է.«Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ: Այսօր Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա, աչքի են ընկնում ակտիվ քաղաքական երկխոսությամբ, տարածաշրջանային և միջազգային հարթակներում քայլերի արդյունավետ կոորդինացմամբ, հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովման համատեղ ջանքերով»:

«Մենք կայացրել ենք կարևոր որոշումներ տնտեսության, հումանիտար և այլ ոլորտներում համատեղ նախագծերի առաջմղման ուղղությամբ, թափ են առնում միջխորհրդարանական և միջտարածաշրջանային կապերը:

Ռուսաստանը և Հայաստանը ծանրակշիռ ներդրում են ունենում եվրասիական ինտեգրացիոն գործընթացի, ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի, այլ բազմակողմ կառույցների շրջանակներում համագործակցության ամրապնդման գործում:

Այս ամենն աներկբա վստահություն է ներշնչում, որ հսկայական ներուժ ունեցող հայ-ռուսական բազմաբնույթ համագործակցությունը մեր համատեղ ջանքերի շնորհիվ հետագայում ևս կշարունակի խորանալ՝ ներառելով արգասաբեր փոխգործակցության նորանոր բնագավառներ, ինչը, անկասկած, համապատասխանում է Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների շահերին և իղձերին», -ասվում է ՀՀ նախագահի ուղերձում, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---