Ինչու է ընդդիմության ձախողումը շատ լավ լուր իր իսկ համար

Ինչու է ընդդիմության ձախողումը շատ լավ լուր իր իսկ համար

PanARMENIAN.Net - Թող ձեզ չշփոթեցնեն սոցցանցերում տեղ-տեղ նկատվող ուրախությունը ու ԵԼՔ-ի կամ ՀԱԿ-ի՝ մխիթարանք արտահայտող հայտարարությունները. ընդդիմությունը տապալվել է ընտրություններում: 2012-ին ձևավորված 2 ընդդիմադիր խմբակցության փոխարեն նոր ԱԺ-ում լինելու է 1-ը, 12 պատգամավորի փոխարեն՝ 9-ը: 2012-ի ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» մոտ 195 հազար ձայն ստացան, 2017-ին դրանց բեկորներից հավաքած ԵԼՔ-ը, «Կոնգրես-ՀԺԿ»-ն ու «ԱԴ»-ն՝ մոտ 162 հազար: Նախորդ ընտրություններին միասին հավաքած 12.88%–ի համեմատ ընդդիմությունն 2017-ին ստացավ քվեների ընդամենը 10.38%-ը:

Ընտրողների քանակն 2 անգամ էլ գրեթե նույնն էր: Այսինքն՝ տնտեսական լրջագույն խնդիրների, ապրիլյան պատերազմի, իշխանության բազմաթիվ ձախողումների ֆոնին ընդդիմությունը հաջողացրել է ոչ միայն չմեծացնել իր ներկայությունը, այլև կորցնել 3 մանդատ, 32 հազար քվե ու ընդհանուր հաշվարկած ձայների 2.5%-ը:

Ընդդիմությունը ինքն է ազնվորեն պատասխանել հարցին՝ ինչու նա չի հաջողում: 2015-ի փետրվարի 23-ին՝ Ծառուկյանին քաղաքականությունից հեռացնելուց հետո, Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում ուրվագծեց ընդդիմության անելիքները. ստվերային կառավարության ձևավորում, պարզ, ընկալելի և իրագործելի քաղաքական ծրագիր, միանձնյա որոշումներ կայացնող «սուպերլիդերների» բացակայություն, վստահված անձինք բոլոր տեղամասերում: Նույն օրն Էդմոն Մարուքյանը ՀԱԿ-ին քննադատող իր ելույթում հայտարարեց. ընդդիմությունը պիտի ունենա երկրի զարգացման՝ իշխանությունից տարբերվող տեսլական, ոչ թե իշխանափոխության օր ու ժամ հայտարարելով ու գործընթացը տապալելով հիասթափեցնի ընտրողին:

Այսպիսով, ԵԼՔ-ն իր համար որոշեց ընդդիմության պահվածքի ախտորոշումը, սակայն 2015-ից անցած 2 տարում չկարողացավ գտնել դեղատոմսը: ԵԼՔ-ի ծրագիրն անհասկանալի էր, լի թե՛ ութոպիկ, թե՛ անիմաստ, թե՛ պարզապես վտանգավոր կետերով, ստվերային կառավարություն ինչպես չկար, այդպես էլ չկա, 6000 դիտորդ չկա, երկրի զարգացման այլընտրանքային տեսլական չկա: ԱԴ-ն առաջարկեց բարդ ծրագիր՝ զրո ռեսուրսներով, «Կոնգրես-ՀԺԿ»-ն էլ քարոզարշավի մեխը դարձրեց ամենաքիչ ժողովրդականություն վայելող թեզը: Արդյունքում նշված երկուսը դուրս մնացին ԱԺ-ից, ուստի օրակարգ ձևավորող հիմնական ուժը, կանխատեսելիորեն, լինելու է ԵԼՔ-ը:

Դաշինքն ունի մոտ 70 հազար ձայն Երևանից (14.1%) ու մոտ 12000-ական ձայն Սասուն Միքայելյանի ու Էդմոն Մարուքյանի հարազատ Լոռիից ու Կոտայքից (8.5% և 8.7%): Մնացած ընտրական տարածքներից դաշինքը հավաքել է ընդամենը 28500 ձայն՝ բոլոր քվեների 3.6%-ը:

Ուստի, դաշինքի «հաջողության բանալին» ոչ թե ինստիտուցիոնալիզմը, գրավիչ ծրագիրը կամ ժողովրդի սերն են, այլ Մարուքյանի և Միքայելյանի տեղական հեղինակությունը, Փաշինյանի ու նույն Մարուքյանի մանդատով ձեռքբերած վստահությունը, հույսը, որ ԱԺ անցած նոր դեմքերը կհետևեն «հնաբնակների» օրինակին ու Երևանի՝ իշխանությունից մշտապես դժգոհ զանգվածը, որը կքվեարկի ցանկացած ընդդիմադիր ուժի: Եթե ԵԼՔ-ը գալիք 5 տարում «դուրս չգա» ԱԺ-ից ու Երևանից, ուր արդեն հարմարվել է, և չգնա մարզեր, ուր նրան ոչ ոք չի ճանաչում, 2022-ին արդեն նա է կամ դուրս մնալու, կամ հազիվ անցնելու խորհրդարան:

Սակայն նրանք, կարծես, ժրաջան են, զուրկ էլիտիզմից ու անսխալականության բարդույթից, սիրում են բանավիճել: Ուստի՝ շատ լավ է, որ նրանք անցան ԱԺ ու թևաթափ չեն լինի, ու կրկին լավ՝ որ հազիվ անցան, և հաջողությունից գլխապտույտ չեն ունենա: Մաղթենք նրանց հաջողություն: Այլապես հաջորդ ընտրություններում ընդդիմությունը կրկին կմնա իր մշտական երևանյան լսարանի հույսին՝ հերթական տասնյակ հազարավոր ձայներ կորցնելով, կամ դաշտը ռադիկալներին հանձնելով:

Նիկոլայ Թորոսյան/PanARMENIAN.Net
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---