Ազնավուրը 2-ժամյա համերգ է տվել Կրեմլում

Ազնավուրը 2-ժամյա համերգ է տվել Կրեմլում

PanARMENIAN.Net - Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը 2-ժամյա համերգ է տվել Կրեմլում, որը կայացել է նրա ծննդյան 93-ամյա տարեդարձից մեկ ամիս առաջ:

Ազնավուրը երգել է գրեթե 2 ժամ անընդմեջ, համույթի ուղեկցությամբ, որտեղ երգում է նաև նրա դուստրը՝ Կատյան: Ազնավուրը կատարել է նոր և հին հիթեր, օրինակ, «Բոհեմը», «Ճամփորդությունը»: Իսկ իր հայտնի «Հավերժական սերը» նա կատարել է ռուսերեն:

Ազնավուրը խոստովանել է, որ սիրում է ռուսական երաժշտությունը, մասնավորապես, Ալեքսանդր Վերտինսկու ռոմանսները, որին ժամանակին սիրում էր լսել նրա հայրը, գրում է ՏԱՍՍ-ը:

«Հայրս հիանալի ռուսերեն էր խոսում, նաև հայերեն ու վրացերեն: Մեր տանը միշտ երաժշտություն է հնչել: Վերտինսկին այն երգիչն էր, որին շատ եմ լսել այն տարիներին», -ասել է Ազնավուրը:

Ավելի վաղ Ազնավուրը «Չաստնի կորեսպոնդենտ»-ին տված հարցազրույցում խոստովանել է՝ աշխատունակությունն իր գլխավոր հայկական հատկանիշն է: «Ես չեմ հավատում ոգեշնչմանը, ես քրտինքին եմ հավատում: Ես որպես վարպետ մշակում եմ ամեն մի բառը, հղկում եմ ամեն մի արտահայտությունը: Եթե ինձ օրեր, շաբաթներ ու ամիսներ է պահանջվում անհրաժեշտ արտահայտությունը գտնելու համար, ես համառորեն որոնում եմ այն»,-պատմել է Ազնավուրը:

Շառլ Ազնավուրը նշանավոր ֆրանսահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ է: Մոտ հազար երգի հեղինակ է (մի մասը՝ երգահան Ժորժ Կառվարենցի հեղինակցությամբ), այդ թվում՝ բազմաթիվ միջազգային հիթերի՝ «Մաման», «Բոհեմը», «Դեռ երեկ», «Երիտասարդություն», «Պետք է գիտնալ», «Նա», «Երկու կիթառ», «Ինչպես ասում են», «Հավերժական սեր», «Ավե Մարիա» և այլն։ Ցայսօր վաճառվել է Ազնավուրի շուրջ հարյուր միլիոն ձայնապնակ։ Ամերիկյան «Թայմ» հանդեսի հարցման համաձայն Ազնավուրը ճանաչվել է «Դարի արվեստագետ»։ Արժանացել է Հայաստանի և Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգևներին, «Պատվո սեզարի» (1997)։ 1988-ի սպիտակյան ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո հիմնադրել է «Ազնավուրը՝ Հայաստանին» բարեգործական հիմնադրամը։ Հայաստանի մշտական դեսպանն է ՅՈւՆԵՍԿՕ-ում։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---