Շարմազանով. ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն քննարկում են ապագա գործակցության հարցը

Շարմազանով. ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն քննարկում են ապագա գործակցության հարցը

PanARMENIAN.Net - Հանրապետական կուսակցությունը քննարկումներ է իրականացնում ՀՅԴ-ի գործընկերների հետ Ազգային ժողովում պաշտոնների բաշխման վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստից հետո:

Հաշվի առնելով հանգամանքը, որ օրեր առաջ ԿԸՀ-ն ամփոփել է խորհրդարանական ընտրությունների արդյունքները, Հանրապետական կուսակցությունը ևս ԳՄ նիստում ընտրատարածք առ ընտրատարածք ամփոփել է ընտրությունների արդյունքները:

Անդրադառնալով Ազգային ժողովում պաշտոնների բաշխման հարցին՝. Շարմազանովն ասել է. «Այս պահին քննարկումներ են իրականացվում ՀՅԴ-ի մեր գործընկերների հետ։ Այո, ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն քննարկում են ապագա համագործակցության հարցը, դրանք ավարտվելուն պես կտեղեկացնենք ձեզ։ Բայց, քանի որ դրանք քննարկումների փուլում են և չեն ավարտվել, կոռեկտ էլ չի լինի, որ առանց քննարկումներն ավարտած մենք քննարկենք ապագա կառավարության հարցը», հայտնում է Aysor.am-ը։

Շարմազանովն ասել է, որ վարչապետի հարց, բնականաբար, քննարկվել չի կարող, քանի որ վարչապետ շարունակելու է մնալ Կարեն Կարապետյանը։

«Նիստում քննարկել ենք նաև Երևանի ավագանու ընտրություններում մեր մասնակցության կազմակերպչական խնդիրները, ծրագիրը, որ ավարտական փուլում է»,- ասել է Էդուարդ Շարմազանովը։

Ավելի վաղ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտնել էր ՀՀԿ հետ բանակցությունների մասին: «Ենթադրում եմ, որ այն համագործակցությունը, որի մասին դուք տեղյակ եք, պետք է շարունակվի, որովհետև այն անժամկետ էր, պայմանավորված չէր ինչ-որ ձևաչափով, իսկ այն հարցերը, որոնք արձանագրված են համագործակցության հարթակում, զգալի մասով լուծված չեն»,- ասել էր Ռուստամյանը:

2016-ին ՀՅԴ-ն Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ ստորագրել էր համագործակցության համաձայնագիր, որի արդյունքում Հայ հեղափոխական դաշնակցությունը ստացել էր 3 նախարարական, 2 մարզպետական պաշտոն։

2017-ի ԱԺ ընտրություններին մասնակցել էին 5 կուսակցություն և 4 դաշինք։ Քվեարկության արդյունքում Ազգային ժողով են անցել՝ ՀՀԿ, «Ծառուկյան» դաշինք, «Ելք» դաշինք, ՀՅԴ:

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---