Նուբար Աֆեյան. Սիրիացիների խնդիրը 100 տարի առաջվա մեր ներգաղթն է հիշեցնում Եվրոպա և ԱՄՆ

Նուբար Աֆեյան. Սիրիացիների խնդիրը 100 տարի առաջվա մեր ներգաղթն է հիշեցնում Եվրոպա և ԱՄՆ

PanARMENIAN.Net - Սիրիայի դեպքերն ու բազմաթիվ գաղթականների խնդիրը չի կարող չհուզել հայերին: Նման տեսակետ հայտնեց «Ավրորա» մարդասիրական մրցանակի համահիմնադիր Նուբար Աֆեյանը՝ PanARMENIAN.Net ի հարցին ի պատասխան անդրադառնալով մերօրյա ամենաթեժ հակամարտությանը:

«Սիրիայում պատերազմը պատճառ հանդիսացավ, որ բազմաթիվ սիրիահայեր հաստատվեն Հայաստանում: Այդ առումով տարբեր ծրագրերի, բարեգործական հիմնադրամների միջոցով օգնություն ենք ցուցաբերում»,- նշեց Աֆեյանը՝ ներկայացնելով իրենց ծրագրերը:

Նա նաև զուգահեռներ տարավ այսօրվա և 100 տարի առաջվա դեպքերի միջև. «Նույն ներգաղթյալների խնդիրը Եվրոպայում ստիպում է հիշել 100 տարի առաջ հայերի անցած ուղին: Որովհետև մեզ կարող է հիշեցնել մեր ներգաղթը Եվրոպա, ԱՄՆ, այն, թե ինչ դժվարությունների միջով են անցել մեր նախնիները: Լավ կլինի, որ մենք զբաղվենք այսօր այդ խնդրով»:

Աֆեյանը շեշտեց, որ 2017 թվականի «Ավրորա» մրցանակի 5 հավակնորդից մեկը հենց Սիրիայից է՝ 26-ամյա բժիշկ Մուհամադ Դարվիշը. «Շատ հուզիչ է նրա պատմությունը, այն, թե որքան քաջություն է ցուցաբերում այդ երիտասարդ տղան»:

Մուհամադ Դարվիշը 26-ամյա դաշտային հիվանդանոցի բժիշկ է Սիրիայի Մադայա քաղաքում, որը Սիրիայում օգնություն է տրամադրում պատերազմից տուժածներին։ Բժշկական ծառայություններ է տրամադրում ու խնամում հիվանդներին՝ կատարելով վիրահատություններ և գրանցելով մանրամասն տեղեկատվություն նրանց առողջական վիճակի մասին, որոնցից շատերը շարունակվող բռնությունից տուժած երեխաներ են: Այսպիսով, նա միջազգային համայնքի ուշադրությունն է հրավիրում պաշարման մեջ գտնվող քաղաքի վրա: Նա մոտ 40.000 բնակչությամբ քաղաքի 3 բժիշկներից մեկն է:

«Ավրորա» մրցանակի մյուս համահիմնադիրը՝ Ռուբեն Վարդանյանը, նշեց փախստական երեխաներին կրթաթոշակներ տրամադրելու մասին. «Մենք ոչ միայն գումարով ենք օգնում, այլև կրթաթոշակների միջոցով. կրթություն ստանալու հնարավորություն ենք ընձեռում»:

Ապրիլի 24-ին «Ավրորա» մարդասիրական մրցանակի համահիմնադիրներ Ռուբեր Վարդանյանն ու Նուբար Աֆեյանը ներկայացրեցին մրցանակի հինգ հավակնորդին, որոնց ընտրել է միջազգային հանձնաժողովը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---