Գերմանիան կանի հնարավորը եվրաինտեգրման ճանապարհին Հայաստանին աջակցելու համար

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրեա Յոանա-Մարիա Վիկտորինին, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: Մեր երկրում իր դիվանագիտական առաքելությունը մոտ երեք ամիս առաջ սկսած դեսպանը նշել է, թե Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ հարաբերությունների ներկայիս մակարդակը վկայում է երկու երկրների համագործակցության հետագա զարգացման լայն հեռանկարների մասին: Նա պատրաստակամություն է հայտնել, ՀՀ կառավարության հետ սերտ համագործակցելով, իր գործունեության շրջանում անել հնարավորը` հայ-գերմանական հարաբերություններն առավել խորացնելու եւ համագործակցությունը տարեցտարի ավելի ընդլայնելու համար: ՀՀ վարչապետն այդ գործում հաջողություններ է մաղթել դիվանագետին եւ շեշտել, որ ՀՀ կառավարությունը եւս շահագրգիռ է ինչպես եվրաինտեգրման շրջանակներում, այնպես էլ երկկողմ մակարդակով Գերմանիայի հետ համագործակցության զարգացման հարցում:



Սերժ Սարգսյանը շնորհակալությամբ է նշել Եվրոպական հարեւանության քաղաքականության (ԵՀՔ) ծրագրում Հայաստանի ընդգրկման գործում Գերմանիայի շահագրգիռ աջակցության մասին, ընդգծելով, որ Հայաստանը Գերմանիան դիտարկում է իբրեւ ԵՀՔ-ի իր կարեւորագույն գործընկերներից մեկը: ՀՀ կառավարության ղեկավարը վստահություն է հայտնել, որ դեռեւս անցյալ տարի ԵՄ-Հայաստան Գործողությունների ծրագրի ընդունումից հետո, Գերմանիան, իբրեւ ԵՄ առաջատար երկիր, կարող է նշանակալից ավանդ ունենալ նաեւ այդ ծրագրի իրականացման փուլում: Գերմանիայի դեսպանն այդ կապակցությամբ նշել է, որ իր երկիրը եղել է հիշյալ ծրագրերում Հայաստանի ներգրավման ամենաակնառու ջատագովներից եւ այսուհետ էլ անելու է հնարավորը` եվրաինտեգրման ճանապարհին Հայաստանին աջակցելու համար:



Անդրեա Յոանա-Մարիա Վիկտորինն իր երկրի անունից պատրաստակամություն է հայտնել Հայաստանին աջակցելու նաեւ առաջիկա նախագահական ընտրությունները միջազգային չափանիշներին համապատասխան անցկացնելու գործում, գոհունակությամբ նշելով անցած խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելությունների կողմից տրված բարձր գնահատականը, ինչը, ըստ նրա, լավ հիմք է առաջիկա ընտրությունները հաջողությամբ անցկացնելու համար:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---