Հայ շախմատիստները հաղթել են Թուրքիայի եւ Ադրբեջանի հավաքականներին

PanARMENIAN.Net - Հունաստանում ընթացող Եվրոպայի շախմատի թիմային առաջնության հինգերորդ փուլում Հայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Թուրքիայի հավաքականներին, իսկ կանաց հավաքականը հաղթել է ադրբեջանցի շախմատիստներին նույն հաշվով` 2,5:1,5: Ինչպես հաղորդել են հանրապետության Շախմատի ֆեդերացիայում, Լեւոն Արոնյան-Միխաիլ Գուրեւիչ, Գաբրիել Սարգսյան-Կիվանց Խազնեդարօղլու եւ Սմբատ Լպուտյան-Մերտ Էրդօղլու հանդիպումներն ավարտվել են ոչ ոքի, իսկ Վլադիմիր Հակոբյանը հաղթել է Սուաթ Աթալիքին:



Կանանց մրցաշարում Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը հաղթել են համապատասխանաբար Զեյնաբ Մամեդյարովային եւ Իլահու Կադիմովային, Սիրանուշ Անդրիասյանը զիջել է Նարգիզ Ումուդովային, իսկ Նելլի Աղինյան-Թուրքան Մամեդյարովա պարտիան ավարտվել է ոչ ոքի:



Հինգ տուրից հետո տղամարդկանց առաջնությունում թիմային հաշվարկով առաջատարն է Ռուսաստանը 10 միավորով, երկու միավորով նրան զիջում են Ադրբեջանը, Իսրայելը եւ Սլովենիան, 7-ական միավոր են հավաքել Հայաստանը, Ուկրաինան, Ֆրանսիան, Բուլղարիան, Չեխիան, Հունգարիան:



Կանանց մրցաշարում մրցաշարային աղյուսակում առաջին տեղն է զբաղեցնում Լեհաստանը` 9 միավորով, մեկ միավորով զիջում են Վրաստանը, Ռուսաստանն ու Սլովենիան, 7-ական հավաքել են Հունգարիան եւ Ուկրաինան, Հայաստանի ակտիվում կա 6 միավոր:



Վեցերորդ մրցաշարում` շաբաթ օրը Հայաստանի տղամարդկանց հավաքականը կխաղա Հունգարիայի հետ, իսկ կանաց հավաքականի հակառակորդը կլինի Ռումինիան:



Շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունն անցնում է հոկտեմբերի 27-նոյեմբերի 6-ը Հերակլիոն քաղաքում, 9 տուրից բաղկացած շվեյցարական համակարգով: Ժամանակի վերահսկումն է` 90 րոպե 40 քայլի համար եւ 30 րոպե մինչեւ պարտիայի ավարտը` 30 վայրկյանանոց հավելումներով ամեն մի քայլի համար, սկսած առաջինից:



Մայրցամաքի լավագույն թիմի կոչման համար պայքարում են 40 տղամարդկանց եւ 30 կանանց ազգային հավաքականներ, յուրաքանչյուր թիմ կազմված է չորս հիմնական եւ մեկ պահուստային խաղացողից, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»:
 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---