Շարմազանով. «Ծառուկյան» դաշինքում ինքնաբացարկների հարցը ՀՀԿ-ի հետ կապելն անհեթեթ է

Շարմազանով. «Ծառուկյան» դաշինքում ինքնաբացարկների հարցը ՀՀԿ-ի հետ կապելն անհեթեթ է

PanARMENIAN.Net - ՀՀԿ-ն չի խառնվում քաղաքական այլ ուժերի ներքին խնդիրներին: Այս մասին մայիսի 4-ին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ Անդրադառնալով «Ծառուկյան» դաշինքում ինքնաբացարկների հետ կապված խնդրին:

«Սա հարց է, որ ՀՀԿ-ին չի վերաբերում, այս հարցը պետք է հանգուցալուծվի «Ծառուկյան» դաշինքում: Այսինքն՝ հանրապետականն այստեղ անելիք չունի»,- հայտարարել է Շարմազանովը՝ հավելելով, թե բոլոր այն հրապարակումները, որոնցում «փորձում են ՀՀԿ-ի ձեռքը տեսնել, կատարյալ անհեթեթություն են»:

Նա նաև նշել է, որ կոռեկտ չի համարում մեկնաբանել այլ կուսակցությունում, այլ դաշինքում առկա իրադարձությունները՝ հավելելով, որ ՀՀԿ-ն հարգանքով է վերաբերվում ցանկացած կուսակցությանը, դաշինքին, այդ թվում՝ խորհրդարանական ընտրություններում երկրորդ տեղը գրաված «Ծառուկյան» դաշինքին:

Մայիսի 2-ին հայտնի է դարձել, որ մի քանի տասնյակ ընտրված պատգամավոր, 9-ը՝ ՀՀԿ-ից, 3-ը՝ ՀՅԴ-ից, 23-ը՝ «Ծառուկյան» դաշինքից, հրաժարվել են մանդատներից: Համապատասխան ցանկը հրապարակել է ԿԸՀ մամուլի խոսնակ Հերմինե Հարությունյանը:Ավելի ուշ, «Ծառուկյան» դաշինքից ԱԺ պատգամավոր ընտրված 12 անձ դիմում է ներկայացրել ԿԸՀ՝ խնդրելով չեղյալ համարել ինքնաբացարկի դիմումը: Նրանք տեղեկացրել են, որ չեն հրաժարվում պատգամավորի մանդատը ստանալուց:

Շարմազանովն ասել է, որ Հանրապետական կուսակցությունում երբեք պառլամենտական ընտրությունների նախօրեին պատգամավորների թեկնածուներից ինքնաբացարկի դիմումներ չեն գրվել, առավել ևս այս ընտրություններում.

«Ֆիքսում ենք՝ մեր կուսակցությունում նման պրակտիկա չի եղել, չկա ու վստահաբար ասում եմ, որ չի լինելու»,- նշել է ՀՀԿ խոսնակը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---