«Հետաքրքիր էր տեսնել` ով է բզբզում, ինչ է ուզում». Ծառուկյանը՝ մանդատները հետ վերցրած պատգամավորների մասին

«Հետաքրքիր էր տեսնել` ով է բզբզում, ինչ է ուզում». Ծառուկյանը՝ մանդատները հետ վերցրած պատգամավորների մասին

PanARMENIAN.Net - «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, մայիսի 17-ին, հանդիպելով դաշինքով ընտրված ԱԺ պատգամավորների հետ, անդրադարձել է վերջին օրերին տեղի ունեցած աղմկոտ իրադարձությանը, երբ այդ պատգամավորներից որոշները ԿԸՀ-ից հետ վերցրին մանդատներից հրաժարվելու դիմումները:

«Ես չեմ կարող չխոսել դիմումները հետ վերցնելու մասին, որն ամբողջ Հայաստանով մեկ տարածվել էր: Արտառոց դեպք էին արձանագրել, բայց ոչ մեկն էլ չգիտի, թե իրականում ինչ է եղել: Ես նույն պահին կարող էի իմ հայտարարությունը անել, շատերդ էլ այդ խորհուրդն էիք տալիս, և այդ հարցը փակվեր, բայց ամենակարևորը` իմ համար շատ հետաքրքիր էր տեսնել` ով է բզբզում, ինչ է ուզում, ինչ ուղղվածություն է, ինչ քամիներ են: Կա քաղաքական պրոցես, որ լիարժեք պետք է թողնես հասունանա, ինքնըստինքյան հասկանաս` ովքեր են դրանով շահագրգռված, որը լիարժեք արդեն այսօր պարոն Ծառուկյանն անգիր գիտի, որ կան խառնված ոչ թե այդ 12-ը, այլ 12-ի կողքին շատ, ասենք թե, և լրատվական ծառայություններից, և այլ ուղղություններից մարդիկ` փորփրելով, խառնելով պղտոր ջրի մեջ ինչ-որ բան ման գալով»,- ասել է ԲՀԿ նախագահը:

Ծառուկյանը նշել է, որ մանդատից հրաժարվելու դիմումները հետ վերցրած 12 պատգամավորներից 6-ին իրենք են ուղարկել ԿԸՀ, քանի որ քաղաքական որոշում էր փոխվել, իսկ մյուս 6-ը կամ շտապել է, կամ ճիշտ չի տիրապետել տեղեկատվությանը, կամ էլ զանգ է ստացել, որ քաղաքական որոշում է փոխվել, Ծառուկյանը տեղյակ է և գնացել է:

«Բոլորի հետ իմ պայմանավորվածությունը եղել է պարզ, տղամարդկային, առանց թղթի, առանց գրիչի` ինչ կարող ես անել, ինչ ես անելու, ինչի դիմաց ինչ ես ստանալու»,- նշել է «Ծառուկյան» դաշինքի ղեկավարը` հավելելով, որ բոլոր պատգամավորները պատրաստակամություն են հայտնել ընդունել այն որոշումը, որը բխում է կուսակցության շահերից:

Նույն հանդիպման ժամանակ «Ծառուկյան» դաշինքով պատգամավոր ընտված Արարատ Զուրաբյանն ասել է, որ հրաժարվելու է մանդատից: Նաև ցույց է տվել ԱԺ նախագահին հասցեագրված դիմումը: Ծառուկյանն առաջարկել է այդ դիմումը թողնել խմբակցությունում, որովհետև պետք է արդարացի որոշում ընդունվի, քանի որ բոլոր պատգամավորներն էլ իր համար թանկ են ու արժեք են ներկայացնում: Պատգամավորական մանդատից հրաժարվելու պատրաստակամություն են հայտնել նաև Սերգեյ Բագրատյանը, Նապոլեոն Ազիզյանն ու Արտյոմ Ծառուկյանը:

Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստում մայիսի 3-ին բավարարվել է«Ծառուկյան» դաշինքի պատգամավորական թեկնածուների կողմից ներկայացված՝ ինքնաբացարկի չեղարկման պահանջով 8 դիմում:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը քննարկումից հետո հրապարակել է նոր խորհրդարանում դաշինքին հասանելիք խորհրդարանական պաշտոններում առաջադրվելիք թեկնածուների անունները: Խորհրդարանական խմբակցությունը կղեկավարի Գագիկ Ծառուկյանը, ԱԺ երեք փոխնախագահների մեկի պաշտոնի համար կառաջադրվի Միքայել Մելքումյանի թեկնածությունը: Դաշինքին հասանելիք 3 հանձնաժողովների նախագահների պաշտոններում կառաջադրվեն Նաիրա Զոհրաբյանը, Վարդևան Գրիգորյանը և Վարդան Բոստանջյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---