Շառլ Ազնավուրը 93 տարեկան է

Շառլ Ազնավուրը 93 տարեկան է

PanARMENIAN.Net - Մայիսի 22-ին աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը դառնում է 93 տարեկան:

Նա ծնվել է 1924թ. Փարիզում: Ազնավուրի ծնողները էմիգրանտներ էին, որոնք տեղափոխվեցին Ֆրանսիա 1915թ. Հայոց ցեղասպանության ժամանակ:

Նրա առաջին արտիստական հաջողությունները մանկական դերերն էին երգի թատրոնում, որոնք ինքն էր գրել դեռ 20 տարեկանում Էդիթ Պիաֆի և Մորիս Շեվալյեի համար: Նա հայտնվեց երաժշտական ասպարեզում 40-ական թվականներին, կոմպոզիտոր Պիեր Ռոշեի հետ դուետով: Նրանց նկատեց ֆրանսիացի հանրաճանաչ երգչուհի Էդիթ Պիաֆը, որը խնդրեց Ազնավուրին նրա համար երգեր գրել: Շառլը և Պիերը երգչուհու հետ միասին մեկնեցին համերգային շրջագայության Ֆրանսիայով և Ամերիկայով: Պիաֆի հետ ծանոթությունը Ազնավուրի պրոֆեսիոնալ կյանքի գլխավոր դրդապատճառն էր: 1955-ից Շառլ Ազնավուրը խաղացել է նաև կինոյում, նկարահանվել է ֆրանսիական և ամերիկյան ֆիլմերում:

Նա հրապարակել է նաև իր բանաստեղծությունները և ինքնակենսագրությունը` «Ազնավուրը Ազնավուրի մասին»: Վերջերս «Թայմ» ամսագրի հարցմամբ Ազնավուրը ճանաչվեց 20-րդ դարի լավագույն էստրադային կատարող: Ազնավուրը Հայաստանի ու հայ ժողովրդի նվիրյալն է, ինչը բազմիցս ապացուցել է իր գործունեությամբ։ 1988 թվականին Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո Ազնավուրը հիմնեց բարեգործական հիմնադրամ, կազմակերպեց հանգանակություններ` զոհերի ընտանիքներին ու տուժածներին օգնելու նպատակով. հասարակական մեծ արձագանք ունեցավ 90 ֆրանսիացի երգիչների ու դերասանների մասնակցությամբ ձայնագրած «Քեզ համար, Հայաստան» տեսահոլովակը: Երևանում Ազնավուրի անունն է կրում կենտրոնական հրապարակներից մեկը, իսկ Գյումրիում նրա արձանն է կանգնեցված: 2008 թվականի դեկտեմբերից նա Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, բացի այդ` ՀՀ դեսպանը Շվեյցարիայում:

Կարդացեք նաև՝ Ինչպես են Երևանում նշելու Ազնավուրի 93-ամյակը

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---