Անկախ պետությունների ճանաչման գործընթացը դատապարտված է օբյեկտիվ զարգացման

PanARMENIAN.Net - ժամանակակից իրողությունների անբաժանելի մաս կազմող «չճանաչված պետությունների ճանաչման» խնդիրը նորություն չէ: Այդ մասին հայտարարել է ԼՂՀ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը: Նրա կարծիքով, դեռեւս դժվար է խոսել որեւէ միասնական գործընթացի մասին, առավել եւս այնպիսի մի գործընթացի, որը թեւակոխել է ավարտական փուլ եւ որին հետեւելու է անխուսափելի ճանաչումը: «Չէ՞ որ խոշոր հաշվով խոսքը ոչ թե այս կամ այն պետության ճանաչման «միանգամյա» քաղաքական քայլի, այլ պետությանը տրվելիք կյանքի ուղեգրի մասին է, որն իրավունքների հետ միասին ենթադրում է նաեւ որոշակի պարտավորությունների ստանձնում նույն այդ միջազգային հանրության առաջ: Այլ հարց է, որ այդ թեմատիկայի արծարծման աշխուժացումը չի կարող ուշադրություն չբեւեռել գլխավոր` միջազգային իրավական ճանաչման չափանիշների հարցի վրա:



Վերոհիշյալ բոլոր խնդիրների բացառիկության հետ մեկտեղ, դրանց բոլորին հատուկ են մի շարք համանման չափորոշիչներ, դրանցից որեւէ մեկի կարգավորումը չի կարող որոշակի քաղաքական ու իրավական հետեւանքներ չունենալ այլոց պարագայում: Ժամանակակից միջազգային հարաբերությունների փիլիսոփայության տեսանկյունից ավելի ծանրակշիռ չափանիշ է հանդիսանում նման պետությունների կենսունակությունը, իրենց քաղաքացիների անվտանգությունն ապահովելու եւ իրավունքները պաշտպանելու կարողությունը, քան ուղղակի նրանց շուրջ ստեղծված որոշակի արտաքին քաղաքական իրադրությունը»,-ասել է Գ.Պետրոսյանը:



Միեւնույն ժամանակ ԼՂՀ ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ հիշյալ խնդիրների երկարաժամկետ կարգավորումն անհնարին է առանց այս կամ այն հիմնախնդրի շուրջ տիրող քաղաքական իրողությունները հաշվի առնելու: «Չնայած ժամանակակից համաշխարհային քաղաքականության մեջ հիմնախնդիրների կարգավորման վերաբերյալ առկա բարդ ու տարաբնույթ միտումների առկայության, այնուամենայնիվ հարկ է նշել, որ անկախ պետությունների ճանաչման գործընթացը դատապարտված է օբյեկտիվ զարգացման»,-նշել է Գ.Պետրոսյանը:



Նա նաեւ նշել է, որ ղարաբաղյան հիմնախնդրի որոշակի բացառիկությունը կայանում է նրանում, որ ԼՂՀ միջազգային եւ քաղաքական ճանաչման իրավունքը հավասարապես խարսխված է թե Լեռնային Ղարաբաղի պետականության գործունակության, եւ թե նրա հռչակման ու հետագա զարգացման քաղաքական եւ իրավական հիմքերի անթերիության վրա: «Ինչ վերաբերում է բանակցային գործընթացի ապագային, ապա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափը սերտ համագործակցության ակնառու օրնակ է` ուղղված ադրբեջանա-ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորմանը: Դրանում է կայանում խաղաղության եւ ընդհանրապես տարածաշրջանում անվտանգության համակարգի հաստատման գրավականը»,-գտնում է ԼՂՀ ԱԳ նախարարը, գրում է ղարաբաղյան «Դեմո» թերթը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---