Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը դարձավ ԱՄՆ արտաքին քաղաքականության բարդ հանգամանքների զոհը

PanARMENIAN.Net - Հիշողության թեման կարեւոր է ոչ միայն հայերի, այլ նաեւ ողջ մարդկության համար, «Երեւան-Մոսկվա» հեռուստակամուրջի ժամանակ հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերի եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի անդամ Կոնստանտին Զատուլինը: «ՌԴ-ում ժամանակին քաղաքական կամք դրսեւորվեց, եւ, չնայած կոնյուկտուրային հանգամանքներին, 1995 թվականին ՌԴ Պետդուման օրենսդրական ակտ ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման մասին եւ ապրիլի 24-ը հիշողության օր հայտարարվեց:



Կասկած չկա, որ Ռուսաստանն այդ հարցում հավասարակշռված եւ հանգիստ դիրքորոշում է որդեգրել»,-նշել է Պետդումայի պատգամավորը: Նրա կարծիքով, ԱՄՆ-ն ընդհուպ մոտեցել է Ներկայացուցիչների պալատի Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունմանը եւ կանգ առել: «Դա որոշակի մտորումների առիթ է տալիս, այն է` 106-րդ բանաձեւը դարձավ ԱՄՆ արտաքին քաղաքականության բարդ հանգամանքների զոհը: Դա եւ ռազմավարական հարաբերություններն են Թուրքիայի հետ, եւ ընդհանուր դրությունը Իրաքում, որտեղ առաջին անգամ իշխանական կառույցներում շատ են քրդերը եւ, բնականաբար, Հյուսիսային Քրդստանի խնդիրը»,-ասել է Զատուլինը:



Նրա խոսքերով, այս դեպքում ազգային շահը գերակշռեց ժողովրդավարությունը: «Ռուսաստանը մշտապես սատարել է Հայաստանին Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում, քանի որ այդ խնդրի անտեսումը անցյալ դարի 30-ականներին հանգեցրեց մարդկության դեմ այլ հանցագործությունների կատարմանը»,-ընդգծել է նա: Միեւնույն ժամանակ Կ. Զատուլինը նշել է, որ երկու երկրների հասարակությունները հասկանում են, որ Հայաստանն ու Ռուսաստանը ռազմավարական դաշնակիցներ են: «Հենց այդ պատճառով է, որ մենք ռազմակայան ենք պահում այստեղ, որպեսզի այլ երկրների մոտ շրջափակումից այլ գործողությունների անցնելու գայթակղություն չառաջանա»,-ասել է Զատուլինը` հիշեցնելով, որ պայքարը ազգային փոքրամասնությունների դեմ Քեմալ Աթաթուրքի քաղաքական ժառանգության մասն է, եւ Թուրքիայի պաշտոնական դոկտրինը թույլ չի տալիս բազմազանություն:



Հիշեցնենք, որ 2007 թվականի հոկտեմբերի 10-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերի կոմիտեն ընդունեց 106-րդ բանաձեւը 27 «կողմ» եւ 21 «դեմ» ձայների հարաբերակցությամբ: Բանաձեւը Ներկայացուցիչների պալատ էր ներկայացրել Կալիֆորնիայից ընտրված կոնգրեսական Ադամ Շիֆը 2007 թվականի հունվարի 30-ին: Հոկտեմբերին բանաձեւի հեղինակները կոչ արեցին Նենսի Փելոսիին հետաձգել քվեարկությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---