ԵՄ-ն Հայաստանում ընտրությունների անցկացման համար առաջարկել է իր աջակցությունը

PanARMENIAN.Net - Բրյուսել աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հանդիպել է Եվրամիության Խորհրդի գլխավոր քարտուղար Խավիեր Սոլանայի հետ, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: Ողջունելով ՀՀ վարչապետի այցը Բրյուսել, Խավիեր Սոլանան նշել է, որ այն տեղի է ունենում ճիշտ ժամանակին, երբ Հայաստանում առաջիկայում սպասվում են նախագահական ընտրություններ: ԵՄ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ շատ առիթներ է ունեցել հանդիպելու նաեւ ՀՀ նախագահին, որի հետ ունի ջերմ հարաբերություններ, եւ քննարկելու ԵՄ-Հայաստան հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր: Նա կարեւորել է նաեւ գալիք նախագահական ընտրությունների միջազգային չափանիշներին համապատասխան անցկացումը: Կարեւոր համարելով այդ ընտրություններին ԵԱՀԿ ԺՄԻԿ-ի պատվիրակության մասնակցությունը եւս, ԵՄ գլխավոր քարտուղարը ՀՀ վարչապետից հետաքրքրվել է ընտրական գործընթացների վերաբերյալ:



ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը նախ պարոն Սոլանային է փոխանցել ՀՀ նախագահի ողջույնները, նշելով, որ տեղյակ է նրանց միջեւ ջերմ հարաբերությունների մասին:Տեղեկացնելով, որ մինչ այժմ գործադիր իշխանությունում ղեկավարել է անվտանգության եւ պաշտպանության բնագավառները, նա ընդգծել է, որ ՀՀ վարչապետ նշանակվելուց հետո, կառավարության ղեկավարի դիտանկյունից նայելով ԵՄ-Հայաստան Գործողությունների ծրագրին, մեկ անգամ եւս համոզվել է, որ այդ ծրագրի տրամաբանությունը համընկնում է մեր երկրի զարգացման տրամաբանությանը` ոչ միայն արտաքին, այլեւ ներքին քաղաքականության առումով: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանի հիմնախնդիրներից մեկը հենց ընտրություններն են, երկրի ժողովրդավարացման գործընթացը, որը բխում է նախ եւ առաջ մեր երկրի ու ժողովրդի շահերից: «Մենք ձգտում ենք լավ ընտրություններ անցկացնել, որպեսզի դրանք այդպիսին գնահատվեն ոչ միայն ուրիշների կողմից, այլեւ հենց մեր երկրի ներսում»,- ասել է ՀՀ վարչապետը: Նա նշել է, որ այդ առումով մայիսին անցկացված խորհրդարանական ընտրությունները դրական գնահատականի են արժանացել, եւ Հայաստանը շահագրգռված է այդ հաջողությունը զարգացնել, այսինքն` ավելի լավ անցկացնել նախագահական ընտրությունները: «Այսօր Հայաստանն ունի մի շարք դժվարագույն հիմնահարցեր` Լեռնային Ղարաբաղի հակամարտության, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը, երկրորդ փուլի բարեփոխումների անցկացումը, նշելով, որ դրանք կարող է լուծել միայն միջազգային չափանիշներին համապատասխան ընտրությունների արդյունքում նախագահ դարձած անձը»,- ասել է ՀՀ վարչապետը:



Համաձայնելով ՀՀ վարչապետի հետ` երկրի համար առաջիկա ընտրությունների կարեւորության հարցում, Խավիեր Սոլանան հույս է հայտնել, որ դրանք կանցնեն բարձր մակարդակով: Նա նշել է, որ կցանկանար այդպիսի ընտրությունների անցկացման համար առաջարկել ԵՄ-ի աջակցությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---