ԵՄ դեսպանը հավակնոտ և տպավորիչ է որակել ՀՀ կառավարության ծրագիրը

ԵՄ դեսպանը հավակնոտ և տպավորիչ է որակել ՀՀ կառավարության ծրագիրը

PanARMENIAN.Net - ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին հավակնոտ և տպավորիչ է որակել ՀՀ կառավարության ծրագիրը: Այդ մասին նա ասել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ ԵՄ անդամ պետությունների դեսպանների հանդիպման ժամանակ:

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում հավատարմագրված Եվրոպական միության անդամ պետությունների դեսպաններին՝ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարի մասնակցությամբ:

Կարեն Կարապետյանը ներկայացրել է ՀՀ կառավարության 2017-2022 թթ. ծրագրի առաջնահերթությունները, տարբեր ոլորտներում նախատեսված բարեփոխումները և հիմնական անելիքները: Կառավարության ղեկավարը, մասնավորապես, անդրադարձել է պետական կառավարման, մարդու իրավունքների, դատաիրավական, կոռուպցիայի դեմ պայքարի, տնտեսական (GSP+ արտոնությունների ընդհանրացված համակարգ ռեժիմ, ազատ տնտեսական գոտիներ) բնագավառներում մինչ օրս կատարված աշխատանքներին, արձանագրված արդյունքներին և առաջիկա քայլերին:

Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը պատրաստակամ է զարգացնելու ԵՄ հետ համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ուղղություններով, և ՀՀ-ԵՄ կառուցողական, գործընկերային երկխոսությունը մեծապես նպաստում է այդ գործընթացին:

ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին հավակնոտ և տպավորիչ է որակել ՀՀ կառավարության ծրագիրն ու բարեփոխումների օրակարգը և վերահաստատել ԵՄ պատրաստակամությունը՝ Հայաստանի հետ համատեղ աշխատելու, ՀՀ-ԵՄ հարաբերությունները խորացնելու և ամրապնդելու ուղղությամբ: ԵՄ կողմը ողջունել է ՀՀ կառավարության նախաձեռնած քայլերը հակակոռուպցիոն քաղաքականության, ընտրական գործընթացների կազմակերպման, դատական համակարգի, մարդու իրավունքների պաշտպանության, բարենպաստ բիզնես միջավայրի ձևավորման և մի շարք այլ ուղղություններով՝ ընդգծելով, որ կշարունակի օժանդակել Հայաստանին՝ երկրի զարգացման համար կարևոր նշանակություն ունեցող այդ գործում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր ևս: Մասնավորապես, վարչապետ Կարապետյանը շնորհակալություն է հայտնել կառավարության ծրագրերին և բարեփոխումներին աջակցության պատրաստակամության համար և կարևորել նման ձևաչափով հանդիպումները՝ թե՛ օրակարգային հարցերը քննարկելու, և թե՛ համագործակցության հետագա ուղղությունները նախանշելու համար, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

Կառավարության ծրագրի հիմնական կետերն են. զարգացած երկրների համեմատ տնտեսական աճի առաջանցիկ տեմպերի ապահովում` համախառն ներքին արդյունքի միջին հաշվով մոտ 5 տոկոս աճի ապահովման միջոցով, աղքատության կրճատման ապահովում՝ իջեցնելով այն 12 տոկոսային կետով, զբաղվածության աճի և արժանապատիվ աշխատանքի վարձատրության օպտիմալ զուգակցմամբ՝ անվանական նվազագույն աշխատավարձի 25 տոկոս աճի ապահովում՝ հաշվի առնելով կառուցվածքային գործազրկությունը և երկրի մրցունակության նվազման ռիսկերը զսպող նվազագույն աշխատավարձի և աշխատավարձի մեդիանայի համամասնությունը, արտահանման աճի նշանակալի տեմպերի ապահովում՝ ապրանքների և ծառայությունների արտահանման մասնաբաժինը ՀՆԱ-ում հասցնելով 40-45 տոկոսի:

Ընթերցեք նաև. Միասնական թվայնացված միջավայրի իրագործման ծրագիր է մշակվում

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---