Միասնական թվայնացված միջավայրի իրագործման ծրագիր է մշակվում

Միասնական թվայնացված միջավայրի իրագործման ծրագիր է մշակվում

PanARMENIAN.Net - Կառավարության հնգամյա ծրագրով սահմանված են թվային օրակարգից բխող մի շարք համալիր միջոցառումներ՝ հստակ ժամկետներով, այդ թվում՝ պետական և մասնավոր հատվածների համագործակցության, թվային ռազմավարության ու գործողությունների ծրագրի ընդունմամբ։ Այս մասին ՀՀ կառավարության հուլիսի 6-ի նիստում հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը:

Վարչապետի խոսքերով՝ օրակարգի շրջանակում արդեն իսկ ձևավորվել է թվային զարգացմանն աջակցող խորհուրդ ու մշակման փուլում է գտնվում միասնական թվայնացված միջավայրի իրագործման ծրագիրը։

Հաշվի առնելով միջազգային փորձն ու առկա զարգացումները՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ ժամանակակից թվային օրակարգի իրագործումը պահանջում է միասնական, մասնագիտացված և համակարգված մոտեցումներ:

Այդ նպատակով վարչապետը Կառավարության աշխատակազմի ղեկավարին հանձնարարել է 15-օրյա ժամկետում ներկայացնել առաջարկությունների փաթեթ՝ պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման, էլեկտրոնային համակարգերի զարգացման քաղաքականության համակարգման, մասնագիտացված օղակի ձևավորման վերաբերյալ, գրում է Panorama.am-ը։

«Պետք է ունենանք մի կենտրոն, որը կկանոնակարգի մեր ամբողջ քաղաքականությունը», - նշել է վարչապետը:

Կառավարության ծրագրի հիմնական կետերն են. զարգացած երկրների համեմատ տնտեսական աճի առաջանցիկ տեմպերի ապահովում` համախառն ներքին արդյունքի միջին հաշվով մոտ 5 տոկոս աճի ապահովման միջոցով, աղքատության կրճատման ապահովում՝ իջեցնելով այն 12 տոկոսային կետով, զբաղվածության աճի և արժանապատիվ աշխատանքի վարձատրության օպտիմալ զուգակցմամբ՝ անվանական նվազագույն աշխատավարձի 25 տոկոս աճի ապահովում՝ հաշվի առնելով կառուցվածքային գործազրկությունը և երկրի մրցունակության նվազման ռիսկերը զսպող նվազագույն աշխատավարձի և աշխատավարձի մեդիանայի համամասնությունը, արտահանման աճի նշանակալի տեմպերի ապահովում՝ ապրանքների և ծառայությունների արտահանման մասնաբաժինը ՀՆԱ-ում հասցնելով 40-45 տոկոսի:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---