2007 թվականին Հայաստանը հավատարիմ մնաց ղարաբաղյան կարգավորման իր սկզբունքներին

PanARMENIAN.Net - 2007 թվականի ընթացքում Հայաստանն ակտիվորեն մասնակցել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո, «Պրահյան գործընթացի» շրջանակում ընթացող Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցություններին, ասվում է ՀՀ արտգործնախարարության Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ 2007 թվականի տարեկան զեկույցում: Փաստաթղթում, մասնավորապես, ասվում է. «Հայաստանը հավատարիմ է մնացել իր որդեգրած սկզբունքին, այն է` խնդրի կարգավորման հիմքը ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամրագրումն է եւ դրա միջազգային ճանաչումը: Այս փաստի ընդունումը եւ դրա փաստաթղթային ամրագրումը հնարավոր կդարձնի սկսելու խնդրի կարգավորումը, այդ թվում նաեւ` հակամարտության հետեւանքների վերացումը: Շարունակվել են Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների ֆորմատով ընթացող բանակցությունները: Երկու ԱԳ նախարարների առաջին հանդիպումը կայացել է հունվարին` Մոսկվայում, երկրորդը` մարտին Ժնեւում, երրորդը` ապրիլին Բելգրադում: Տեղի են ունեցել նաեւ համանախագահների հետ արտգործնախարարների առանձին հանդիպումներ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այդ ժամանակահատվածում տարածաշրջան են այցելել` երեք կողմերի դիրքորոշումները եւ երկու նախագահների հանդիպման հնարավորությունները քննարկելու համար:



Փետրվարին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, ուր, մասնավորապես, կոչ են արել կողմերին հրաժարվել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներից դուրս այն նախաձեռնություններից, որոնք կարող են վնասել բանակցություններում ձեռք բերված դրական զարգացումներին:



Մայիսին Պոտսդամում Մեծ Ութնյակի ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպման հայտարարության մեջ արտգործնախարարներն իրենց աջակցությունն են հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին եւ կողմերին կոչ են արել արագ համաձայնության հասնել հիմնական սկզբունքների վերաբերյալ:



Հունիսին Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ ոչ պաշտոնական վեհաժողովի ընթացքում հանդիպել են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները: Օրակարգում ընդգրված էին հիմնական սկզբունքների փաստաթղթում առկա դեռեւս չհամաձայնեցված հարցեր:



Հունիսին ՌԴ-ում Ադրբեջանի եւ Հայաստանի դեսպանների նախաձեռնությամբ կայացել է մի խումբ հայ եւ ադրբեջանցի մտավորականների այցը Լեռնային Ղարաբաղ, Երեւան ու Բաքու: Սա նման առաջին նախաձեռնությունն է, որը կարեւոր քայլ էր երկու ժողովուրդների միջեւ վստահության մթնոլորտի ձեւավորման, հակամարտության կարգավորման համար առավել բարենպաստ միջավայրի ստեղծման առումով:



Հուլիսին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Վիեննայում անցկացրած խորհրդակցությունների արդյունքում հանդես եկան համատեղ հայտարարությամբ, ուր կոչ արեցին կողմերին հնարավորինս սեղմ ժամկետներում կենսագործել առաջարկված սկզբունքների հիման վրա բանակցությունները շարունակելու իրենց հանձնառությունները եւ ջանքերը կենտրոնացնել մոտակա ամիսների ընթացքում բանակցային գործընթացում իրական առաջընթացի ապահովման համար:



Երկու նախագահների սանկտպետերբուրգյան հանդիպումից հետո Մինսկի խմբի համանախագահները ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում նախապատվությունը տվել են մաքոքային դիվանագիտությամբ կողմերի դիրքորոշումների մերձեցմանը:



Նոյեմբերին Մադրիդում ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ տեղի ունեցած հանդիպման ընթացքում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներին են փոխանցվել հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքների նորացված տեքստը: Հանդիպմանը ներկա էին ՌԴ եւ Ֆրանսիայի ԱԳ նախարարներ Լավրովն ու Կուշները, ինչպես նաեւ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Բըրնսը: Նոր տեքստի մեջ դեռեւս չհամաձայնեցված հարցերի շուրջ համանախագահները ներառել էին մաքոքային դիվանագիտության արդյունքում առաջ եկած իրենց մոտեցումները:



Մադրիդում տեղի է ունեցել նաեւ հանդիպում արգործնախարարների, համանախագահների եւ ԵԱՀԿ գործող նախագահող Մորաթինոսի մասնակցությամբ: ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհուրդը Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչությամբ կողմերին կոչ է արել ավարտին հասցնել բանակցությունների ներկա փուլը:



Չնայած բանակցությունները շարունակելու Ադրբեջանի հանձնառություններին, 2007թ. ընթացքում Ադրբեջանը շարունակել է Լեռնային Ղարաբաղի խնդիրը այլ միջազգային կառույցներ տեղափոխելու իր ջանքերը, ռազմատենչ եւ բանակցությունների ոգուն հակասող հայտարարությունները, հակահայկական անսանձ քարոզչությունը երկրի ներսում, ինչպես նաեւ խոչընդոտներ է հարուցել տարածաշրջանում միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների աշխատանքներին:



Հայաստանը ոչ միայն հակադարձել է, այլ-` կարողացել է ամրապնդել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը միջազգային ասպարեզում:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---