Աճուրդի է հանվել Լենոնի ձայնասկավառակը՝ մարդասպանին տված ինքնագրով

Աճուրդի է հանվել Լենոնի ձայնասկավառակը՝ մարդասպանին տված ինքնագրով

PanARMENIAN.Net - Ջոն Լենոնի և նրա կնոջ՝ Յոկո Օնոյի Double Fantasy ձայնասկավառակը, որը բրիտանացի ռոք երաժիշտը ստորագրել էր մի մարդու համար, որը մի քանի ժամ անց սպանելու էր իրեն, աճուրդի է հանվել ԱՄՆ-ում: Ձայնասկավառակը կվաճառվի $1,5 մլն: Աճուրդի կազմակերպիչն է հայտնի անձանց անձնական իրերի վաճառքով զբաղվող Moments in Time գործակալությունը:

«Մենք շատ հուզված ենք, քանի որ վաճառքի է հանվել այդպիսի մեծ պատմական նշանակություն ունեցող լոտ»,-ասել է գործակալության ներկայացուցիչ Բոբ Զաֆիանը:

Լենոնի ձայնասկավառակը, որի վրա նա իր ինքնագիրն էր թողել Մարկ Չեփմենի համար, առանցքային հանցանշան է եղել 1980-ին երաժշտի մահվան հանգամանքների հետաքննության ժամանակ: Հանցագործը կորցրել էր ձայնասկավառակը ձերբակալության ժամանակ, իսկ հետո այն պատահաբար գտել էր անցորդներից մեկը և հանձնել ոստիկաններին: Երբ քննությունն ավարտվել է, ձայնասկավառակը վերադարձրել են այն գտած մարդուն՝ իրավապահների կատարած նշումներով և դատախազի շնորհակալական նամակի հետ միասին:

19 տարի անց ալբոմը վաճառվեց այդ փաստաթղթերի հետ միասին: Եվ մինչ օրս, ըստ աճուրդի կազմակերպիչների, ծրարի վրա տեսանելի են մարդասպանի մատնահետքերը՝ The Beatles-ի երաժշտի ինքնագրի մոտ՝ «Ջոն Լեննոն, 1980»: Ներկայիս սեփականատերը նույնպես որոշել է վաճառել ձայնասկավառակը:

Ջոն Լենոնը բրիտանացի ռոք երաժիշտ է, երգիչ, բանաստեղծ, երգահան, նկարիչ, գրող։ «Բիթլզ» խմբի հիմնադիրներից մեկը։ 1970-ին խմբի կազմալուծումից հետո շարունակել է ստեղծագործել։ Բացի իր երաժշտական գործունեությունից, Լենոնը հայտնի էր նաև որպես քաղաքական ակտիվիստ։ Իր հայացքները նա արտահայտում էր ինչպես երգերում, այնպես էլ և հրապարակային ելույթներում։

1980 թվականի դեկտեմբերի 8-ին Ջոն Լենոնին սպանեց ԱՄՆ-ի քաղաքացի Մարկ Դևիդ Չեփմենը։ Մահվան օրը Լենոնը տալիս է վերջին հարցազրույցը ամերիկյան լրագրողներին, իսկ ժամը 22-ն անց 30 րոպեին, երբ Ջոնն ու Յոկոն մտնում էին իրենց տան կամարի տակ, վերադառնալով Hit Factory ձայնագրման ստուդիայից, Չեփմենը 5 անգամ կրակում է նրան թիկունքից:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---