ՀՀ ԱԳՆ. Իլհամ Ալիեւը հուսալքված է

PanARMENIAN.Net - Դատելով Ադրբեջանի նախագահի հայտարարությունների ոճից, Ադրբեջանում նշմարվում են հուսալքության նշաններ: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Վլադիմիր Կարապետյանը` մեկնաբանելով Իլհամ Ալիեւի հայտարարությունն այն մասին թե Հայաստանի եւ Ադրբեջանի դիրքերը միջազգային ասպարեզում տնտեսական զարգացման տեսակետից անհամեմատելի են: Ըստ Կարապետյանի, գրեթե բոլոր բնագավառներում Ադրբեջանը հետ է մնում միջազգային չափանիշներից կամ էլ ընթանում է միջազգային գերիշխող միտումներին հակառակ:

«Առաջինը` ակնհայտ է խուճապը ազգերի ինքնորոշման հարցերի նկատմամբ միջազգային հանրության հարաճյուն ընկալման կապակցությամբ:

Երկրորդ` տնտեսական եւ սոցիալական ոլորտներում Ադրբեջանի ցուցանիշները նույնպես խոցելի են: Տնտեսական զարգացման եւ պետականության կառուցման նվաճումների մասին Ադրբեջանի նախագահի հայտարարությունները զավեշտալի զուգադիպությամբ համընկան օրերս միջազգային հեղինակավոր կազմակերպությունների զեկույցների հրապարակման հետ, որոնք ապացուցում են, որ Ալիեւի հայտարարությունները պարզապես ապակողմնորոշում են Ադրբեջանի ժողովրդին:

Այսպես, Heritage հիմնադրամի եւ Wall Street Journal օրաթերթի տնտեսական ազատությունների սանդղակով Հայաստանը բարելավել է իր ցուցանիշը` զբաղեցնելով 28-րդ տեղը, մինչդեռ Ադրբեջանը 162 երկրների շարքում 107-րդն է: Freedom House կազմակերպության ժողովրդավարական զարգացման ցուցանիշի համաձայն Ադրբեջանը անցյալ տարիների նման դասվել է քաղաքականապես ոչ ազատ երկրների շարքին:

Ամերիկյան հեղինակավոր Foreign Policy ամսագրի «Չկայացած պետությունների» հրապարակած վերջին ցանկում 177 երկրներից Հայաստանը 50 կարգով գերազանցում է Ադրբեջանին: Գրեթե բոլոր միջազգային չափանիշներով, մարդու իրավունքներն ու խոսքի ազատությունը ներառյալ, Հայաստանը գերազանցում է Ադրբեջանին:

Շարունակեմ. Համաշխարհային բանկի տվյալների համաձայն, չնայած Ադրբեջանի նշանակալից պաշարներին, այն միայն վերջերս է հասել մեկ շնչին ընկնող համախառն ներքին արտադրանքի ցուցանիշով Հայաստանի մակարդակին: Եվ վերջապես, ի հեճուկս Ադրբեջանի ղեկավարության ռազմատենչ հայտարարությունների, նշեմ, որ փորձագետների կարծիքով, նույնիսկ պահպանելով տնտեսական աճի եւ ռազմական ներուժի ընդլայման այս տեմպերը, Ադրբեջանից դեռ 10-15 տարի կպահանջվի Հայաստանի զինված ուժերի հետ ոտք գցելու համար: Ամփոփելով կցանկանայի ընգծել, որ ադրբեջանական այս հիմնազուրկ հայտարարություններրը նպատակ են հետապնդում կեղծ տեղեկատվությամբ ապակողմնորոշել սեփական բնակչությանը` շեղելու նրանց այն իրական խնդիրներից, որոնց ամեն օր բախվում է Ադրբեջանի ժողովուրդը»,-ասել է Վլադիմիր Կարապետյանը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---