«Գրին քարտի» վերաբերյալ բանավեճերն ԱՄՆ-ում շարունակվում են. Ինչ են ուզում փոխել

«Գրին քարտի» վերաբերյալ բանավեճերն ԱՄՆ-ում շարունակվում են. Ինչ են ուզում փոխել

PanARMENIAN.Net - Միացյալ Նահանգներում շարունակում են բանավիճել հանրապետականների՝ միգրացիոն քաղաքականությունը փոխելու ծրագրի շուրջ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այն արդեն պատմական է որակել:

Սենատորներ Թոմ Քոթոնի ու Դևիդ Պերդյուի նախագիծն առաջարկում է հիմնովին փոխել Նահանգներում մշտական բնակության իրավունք տալու կարգն ու «Գրին քարտի» խաղարկության կամ ընտանիքների վերամիավորման փոխարեն շեշտը դնել ներգաղթյալների հմտությունների, պրոֆեսիոնալ կարողությունների ու փորձառության վրա, փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը:

Նախագծով առաջարկվում է Կանադայի ու Ավստրալիայի նման բալային համակարգ սահմանել և մշտական բնակության իրավունք տալ նրանց, ովքեր մի շարք չափանիշների համապատասխանելով՝ ընդհանուր առմամբ 30 միավոր կունենան: Չափորոշիչներից են անգլերենի իմացությունը, բարձրագույն կրթությունը, Նահանգներում բարձր վարձատրվող աշխատանքի հրավերն ու երիտասարդ տարիքը: Բոնուսային համակարգ էլ կա. օրինակ՝ եթե Նոբելյան մրցանակակիր եք՝ արդեն 25 միավոր ունեք, եթե Օլիմպիադայի մեդալակիր՝ 15 միավոր:

ԱՄՆ նախագահն օրերս հայտարարել կէր՝ ամերիկյան «Գրին քարտի»՝ ԱՄՆ-ում մշտական բնակության և աշխատանքի իրավունքի խաղարկության համակարգը հնացել է և մոտ ապագայում պետք է վերանա։ Ըստ նրա, ներկայիս համակարգը կփոխարինվի միավորների համակարգով, առաջնահերթությունն էլ կտրվի անգլերեն լեզվին տիրապետող, սեփական ծախսերը հոգալու հնարավորություն ունեցող և մասնագիտական հմտություններ ունեցող մարդկանց:

«Մրցակցային այս համակարգով նախապատվությունը կտրվի նրանց, ովքեր կարող են խոսել անգլերեն, ֆինանսապես ապահով են և հմտություններ ունեն, որոնք անհրաժեշտ են ԱՄՆ տնտեսությանը», - հայտարարել էր նախագահ Թրամփը:

Ըստ Նահանգների ղեկավարի, արժանի են միգրացիոն այնպիսի համակարգի, որը նախևառաջ հաշվի կառնի իրենց կարիքները և Միացյալ Նահանգների շահերը կդասի ամենից վեր:

Ըստ փոփոխության կողմնակիցների, ԱՄՆ այլևս լայնարձակ ու անսահման հնարավորություններով երկիր չէ, այլ զարգացած պետություն է՝ խիտ բնակեցված քաղաքներով ու գործազրկությամբ, ինչն էլ միգրացիոն քաղաքականությունը պետք է հաշվի առնի:

Ըստ The Washington Post-ի, նոր համակարգով նախագահ Թրամփի պապն էլ հազիվ թե Նահանգներ գար: Թերթը հիշեցնում է՝ Ֆրիդրիխ Թրամփը 19-րդ դարավերջին Ամերիկա է եկել առանց մասնագիտության ու անգլերենի իմացության:

Սենատի ղեկավարությունը դեռ խուսափում է նոր նախագիծը շրջանառության մեջ դնել: Ըստ Սենատի իրավաբանական հանձնաժողովի նախագահ Չաք Գրեսլիի, նախ հրադադար է անհրաժեշտ բոլորին օրինականացնել ցանկացող ձախերի և աջերի միջև, որոնք դեմ են Նահանգներ ներգաղթյալների մուտքին:

Եթե կողմերը համաձայնության գան, ըստ փոփոխության հեղինակների, առաջիկա տասը տարում օրինական միգրացիան Նահանգներ կկրճատվի մոտ 50%-ով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---