ԵԽԽՎ-ում Ադրբեջանի մասին զեկուցող. Մեր հետևում ոչ թե հայերն են, այլ Մարդու իրավունքների կոնվենցիան

ԵԽԽՎ-ում Ադրբեջանի մասին զեկուցող. Մեր հետևում ոչ թե հայերն են, այլ Մարդու իրավունքների կոնվենցիան

PanARMENIAN.Net - Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը քննարկում է Ադրբեջանի վերաբերյալ 2 զեկույց, որոնց քննարկման ժամանակ ադրբեջանական պատվիրակությունը քննադատությանը պատասխանել է հայերի հասցեին մեղադրանքներով և արժանի պատասխան ստացել զեկուցող Լենա Սոտնիկից: «Ես ուզում եմ պատասխանել կոմիտեի անունից, թե ով է մեր հետևում։ Մեր ետևում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան է, օրենքի գերակայության արժեքն ու հիմնական ազատությունների հարգումը»,-ասել է նա։

Ժողովրդավարական ինստիտուտների գործունեության մասին զեկույցը ներկայացրել են Ստեֆան Շենախն ու Սեզար Ֆլորին Պրեդան, իսկ մարդու իրավունքների հարգման վերաբերյալ զեկույցը ներկայացրել է ԵԽԽՎ իրավական հարցերով հանձնաժողովի նորընտիր նախագահ Լենա Սոտնիկը, հայտնում է Panorama.am-ը:

Մարդու իրավունքների հարգման վերաբերյալ զեկույցը պատրաստել էր բելգիացի Ալան Դեստեքսը, որը, սակայն, այլևս ԵԽԽՎ անդամ չէ, քանի որ ադրբեջանական կոռուպցիոն սկանդալի պատճառով նախընտրեց հրաժարվել ԵԽԽՎ-ից՝ բացատրություններից խուսափելու համար:

Սոտնիկը նշել է, որ Դեստեքսը հրաժարական տվեց ԵԽԽՎ-ից՝ The Guardian-ի կողմից հրապարակված հետաքննությունից հետո, երբ պարզվեց, որ նա կապ է ունեցել Ադրբեջանի հետ ու գումարներ ստացել, հայտնում է

Սոտնիկը նշել է, որ զեկույցը նախապատրաստվել է բանաձևի առաջարկության հիման վրա, որը մտահոգություն էր հայտնում Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանների նկատմամբ ճնշումների վերաբերյալ, այն ժամանակ երբ Ադրբեջանը նախագահում էր ԵԽ նախարարների կոմիտեում։

Նշվեց, որ քաղաքական բանտարկյալների հետ կապված Դեստեքսը կոնկրետ թվեր չի նշել։ Իրավական հարցերի հանձնաժողովը մտահոգություն է հայտնել մարդու իրավունքների խախտումների աճի վերաբերյալ ու կոչ արել իշխանություններին հետաքննություն անցկացնել ու ստեղծել ՀԿ-ների ու իրավապաշտպանների գործունեության համար պայմաններ։ Սոտնիկը կոչ արեց Ադրբեջանին իրականացնել ՄԻԵԴ որոշումն ու անհապաղ ազատ արձակել բանտարկված Իլգար Մամմադովին, որի պատճառով ԵԽ նախարարների կոմիտեն Ադրբեջանի նկատմամբ աննախադեպ որոշում է կայացրել, որը կարող է հանգեցնել մինչև անդամակցությունից զրկելը։

Զեկույցների ներկայացումից հետո ելույթներով ու Ադրբեջանին ուղղված քննադատությամբ են հանդես եկել ԵԽԽՎ անդամները՝ կոչ անելով առավել խստացնել զեկույցը, նշելով, որ Ադրբեջանը պետք է ազատ արձակի բոլոր քաղաքական բանտարկյալներին ու իշխանությունները պետք է հետաքննություն անցկացնեն կոռուպցիայի պնդումների հետ կապված։

Պատգամավոր Պիտեր Օմցիգն իր ելույթում նշել է, որ հպարտ չեն Ադրբեջանով։ «Ես կասեի այս զեկույցը ոչ թե ժողովրդավարության հաստատությունների գործունեության, այլ անգործության մասին է։ Երկրում առկա են քաղբանտարկյալներ, բացահայտվել է «ադրբեջանական լվացքատունը», Իլգար Մամադովը բանտում է»,-ասել է Օմցիգն ու հարց ուղղել Ադրբեջանի ներկայացուցիչներին, թե ինչ են մտածում լվացքատան հետաքննության մասին, արդյո՞ք կհամագործակցեն, թե կրկին կմեղադրեն միայն Եվրոպային ու կոչ է արել Սուլեյմանովին՝ «օգտագործել շանսն ու ասել, թե ինչ էր անում Վոլոնտեի հետ»։

Օմցիգին պատասխանել է ադրբեջանցի Սամադ Սեիդովն ու ասել, թե բավական է Օմցիգն իրեն ներկայացնի որպես ժողովրդավարության պաշտպանի ու իրենք գիտեն, թե ովքեր են իրենց հետևում կանգնած ու գիտեն Հայաստանից իրեն աջակցողների մասին։

Սեիդովին կտրուկ պատասխան է տվել զեկուցող Սոտնիկն, ասելով․«Պարոն Օմցիգի հարցը շատ հստակ էր ու վերաբերում էր կոռուպցիայի պնդումներին ու ճիշտ չէ չպատասխանել, այլ փոխարենը մեղադրել։ Ես ուզում եմ պատասխանել կոմիտեի անունից, թե ով է մեր հետևում։ Մեր ետևում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան է, օրենքի գերակայության արժեքն ու հիմնական ազատությունների հարգումը»։

Զեկույցների քվեարկությունը ԵԽԽՎ-ում տեղի կունենա հոկտեմբերի 11-ին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---