Հայաստանի ընտրողների հիմնական մասը որոշել է, թե ում է նախապատվություն տալիս նախագահական ընտրություններում

PanARMENIAN.Net - Ավարտվել է Հայաստանի նախագահի ընտրությունների համար քվեաթերթիկների տպագրությունը: Փետրվարի 10-16-ը տպագրվել է շուրջ 2 մլն 390 հազար քվեաթերթիկ:



Հայաստանի ԿԸՀ-ն լավ է նախապատրաստվել փետրվարի 19-ին կայանալիք նախագահական ընտրություններին: Այդ մասին ասվում է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի` ԺՀՄԻԳ-ի 2008թ. հունվարի 27-փետրվարի 9-ը ընկաժ ժամանակահատվածի վերաբերյալ միջանկյալ զեկույցում: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը նշում է, որ նախընտրական ճարտասանությունը երբեմն չափազանց կտրուկ է եղել` հիշատակելով, որ ութ թեկնածուներ անց են կացրել իրենց նախընտրական հանրահավաքները, որոնցից մեծ մասը խաղաղ է անցել, սակայն Լեւոն Տեր-Պետրոսյանի երկու հանրահավաքներում բախումներ են եղել: Ինչ վերաբերում է ընտրարշավին ԶԼՄ-ներում, ապա դիտորդները նշում են, որ պարբերականների մեծ մասում թեկնածուների գործունեությունն առավել հավասարակշռված է լուսաբանվել, քան մինչ քարոզարշավի մեկնարկը` հունվարի 21-ը: Սակայն Լ.Տեր-Պետրոսյանի քարոզարշավի լուսաբանումներում մի շարք էլեկտրոնային ԶԼՄ-ներում մեծ քանակությամբ քննադատական դիտողություններ են պարունակվել, այն դեպքում, երբ մյուս թեկնածուներն, ընդհանուր առմամբ, ներկայացվել են դրական կամ չեզոք կերպով:



Փետրվարի 15-ի տվյալներով, իրավապահ մարմինները 52 հաղորդագրություններ են ստացել ընտրախախտումների մասին: 11-ի առնչությամբ քրեական գործ է հարուցվել, 19-ի դեպքում քրեական գործ հարուցելու խնդրանքը մերժվել է, մյուսները քննարկման ընթացքում են:



Հայաստանի ընտրողների հիմնական մասը որոշել է, թե ում է նախապատվություն տալիս նախագահական ընտրություններում, որ կայանալու են փետրվարի 19-ին: Ըստ հայկական «Սոցիո» սոցիոլոգիական ծառայության, հարցվածների 76 տոկոսը մտադիր է մասնակցել փետրվարի 19-ի ընտրություններին, ընդ որում նիանցից միայն 7 տոկոսը դեռեւս չգիտի թե ում օգտին է քվեարկելու:



Նախընտրական արշավի առաջատարն է Հայաստանի վարչապետ եւ Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը 53,1 տոկոսով: Նրան հաջորդում է «Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը 12,6 տոկոսով: Երկրի առաջին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանին պատրաստ են աջակցել հարցվածների 11,3 տոկոսը, ՀՅԴ թեկնածու Վահան Հովհաննիսյանի օգտին պատրաստ են քվեարկել հարցվածների 6,4 տոկոսը, «Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդ Արտաշես Գեղամյանի օգտին` 6,1 տոկոսը: Հստակ է նաեւ ընտրողների հակակրանքը: «Հակառեյտինգի» առաջատարն է Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նրան դեմ է արտահայտվել հարցվածների կեսից ավելին` 51,2 տոկոսը, այն դեպքում երբ մյուս թեկնածուների «հակառեյտինգները» տատանվում են 4-8 տոկոսի սահմանում:



Հարցման արդյունքները թույլ են տալիս եզրակացության հանգել, որ ընտրությունների արդյունքները միանգամայն կանխատեսելի են եւ, հավանաբար, դրանք կանցնեն մեկ փուլով: Հարցումն անց է կացվել 2008 թ. հունվարի 26-29 18 տարին լրացած 1600 անձանց շրջանում, որ բնակվում են Հայաստանի 64 քաղաքներում եւ գյուղական վայրերում` ներառյալ Երեւանը, Գյումրին, Վանաձորը եւ Հրազդանը:



Սուրբ Աթոռ Մայր Էջմիածնում կայացած Գերագույն հոգեւոր խորհրդի անդամները Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի գլխավորությամբ կոչով դիմել են ժողովրդին, որի նպատակն է մեղմել քաղաքական կրքերը Հայաստանի նախագահի ընտրությունների վերջին փուլում:



Հայ Առաքելական եկեղեցու հոգեւոր հայրերը, մասնավորապես, կոչ են արել Հայաստանի ժողովրդին չենթարկվել քարոզչական սադրանքներին եւ նախագահական ընտրություններում ղեկավարվել միայն հոգու եւ խղճի կամքով, հաղորդում են հայկական ԶԼՄ-ները:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---