Ռոբերտ Քոչարյան. Երբեւիցե որեւէ մեկին թույլ չեմ տա վտանգել ներքաղաքական կայունությունը

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել Զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմի հետ: Խորհրդակցությանը մասնակցել է նաեւ վարչապետ Սերժ Սարգսյանը, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: Քննարկվել է վերջին օրերին երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակը: Կայունությունը համարելով վերջին տարիների լրջագույն ձեռքբերումներից մեկը, որի վրա են կառուցված երկրի հիմնական հաջողությունները, նախագահ Քոչարյանն ասել է, որ երբեւիցե որեւէ մեկին թույլ չի տա վտանգել ներքաղաքական կայունությունը: «Երկրի նախագահը պատասխանատվություն է կրում եւ պատրաստ է լիարժեքորեն այն կատարել: Վճռական եմ ձեռնարկել բոլոր միջոցները երկրում կարգ ու կանոնի պահպանման համար»,- ընդգծել է Ռոբերտ Քոչարյանը: Այդ առնչությամբ նա տվել է կոնկրետ հանձնարարականներ:



Երկրի ղեկավարի խոսքով, իշխանությունն ընտրվում է միայն օրինական ճանապարհով, բռնությամբ, զոռբայությամբ իշխանության չեն գալիս եւ երբեք թույլ չի տա, որ որեւէ մեկը ստվերային դերակատարություն ունենա կամ որեւէ մեկի քմահուճույքներն ազդեն ներքաղաքական կայունության, քաղաքական գործընթացների վրա: «Որեւէ կառույց չի կարող իրեն օրենքից դուրս դնել եւ զբաղվել ապօրինի գործունեությամբ»,-շեշտել է նա:



ԶՈՒ բարձրագույն հրամանատարական կազմը նշել է, որ բանակը միշտ էլ եղել է կայունության կարեւորագույն երաշխիքներից մեկը եւ այսօր էլ անհրաժեշտության դեպքում կձեռնարկի երկրի սահմանադրական կարգի պահպանմանն ուղղված քայլեր եւ պատրաստ է լիարժեք կատարել Գերագույն գլխավոր հրամանատարի բոլոր հրամանները:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---