ԵԱՀԿ Մինսկի խումբն կարեւորում է Ղարաբաղի շուրջ բանակցությունները վերսկսելու անհրաժեշտությունը

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան), Բերնար Ֆասյեն (Ֆրանսիա) եւ Մեթյու Բրայզան (ԱՄՆ) հանդես են եկել հայտարարությամբ` մարտի 14-ին Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի եւ մարտի 15-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ ունեցած հանդիպումների արդյունքում, հաղորդում է ԵԱՀԿ մամլո ծառայությունը: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.«Այդ հանդիպումներից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարում են, ինչպես հայտարարում էին «Իրավիճակը Ադրբեջանի գրավյալ տարածքներում» բանաձեւի վերաբերյալ ՄԱԿ-ի ԳՎ-ում քվեարկությունից առաջ, որ Ֆրանսիան, Ռուսաստանն ու ԱՄՆ-ն ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ հետեւաբար չեն ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը եւ գտնում են, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը կողմերի միջեւ բանակցությունների թեմա է: Համանախագահները համոզված են, որ հակամարտության ցանկացած խաղաղ հանգուցալուծում անխուսափելի փոխզիջումներ է պահանջում: Նրանք ընդգծում են, որ անհրաժեշտ է վերսկսել բանակցությունները Հայաստանում նախագահական ընտրությունների պատճառով առաջացած դադարից հետո: Այդ առումով նրանք գոհունակությամբ են նշում այն փաստը, որ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները հաստատել են կողմերի միջեւ բանակցությունները շարունակելու անհրաժեշտությունը:



Համանախագահներն առաջարկել են արտգործնախարարներին որքան հնարավոր է շուտ կազմակերպել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Նրանք հույս են հայտնել, որ այդ հանդիպումը, որ ստացել է երկու կողմերի հավանությունը, կկայանա եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները կվերսկսվեն Կարգավորման հիմնարար սկզբունքների փաստաթղթի հիման վրա, որը կողմերին էր ներկայացվել 2007թ. նոյեմբերի 29-ին` ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստից առաջ:



Քանի որ շփման գծում տեղի ունեցած լուրջ խախտումների արդյունքում զոհեր եղան, համանախագահները կոչ են անում կողմերին ձեռնպահ մնալ միակողմանի եւ մաքսիմալիստական գործողություններից, ինչպես նաեւ կատարել հրադադարի ռեժիմի պահպանման վերաբերյալ իրենց պարտավորությունները:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---