ԼՂՀ-ի ճանաչումը Հայաստանի կողմից չպետք է «միայնակ կրակոց» լինի

PanARMENIAN.Net - Այն, որ Հայաստանի կողմից ակտուալ է դառնում ԼՂՀ-ի իրավաբանական ճանաչման հարցը, կարելի է միայն ողջունել, սակայն ՀՀ-ի նման քայլը չպետք է, պատկերավոր ասած, միայնակ կրակոց լինի: Այդ մասին հայտարարել է ԼՂՀ արտգործնախարարի նախկին տեղակալ Մասիս Մաիլյանը: Նրա կարծիքով, այդ ճանաչմանը պետք է հաջորդեն այլ երկրների նմանատիպ հայտարարությունները: «Եթե նման նախնական աշխատանք չի տարվել, ապա հարկավոր է լրջորեն զբաղվել դրանով ստեղծված նոր միջազգային հարաբերությունների պայմաններում: Տեսականորեն, ցանկալի կլիներ, որ Ադրբեջանն այն երկրների թվում լիներ, որոնք առաջինը կճանաչեն ԼՂՀ անկախությունը: Այդ դեպքում հակամարտությունը սպառված կհամարվեր, եւ հնարավորություն կառաջանար տարածաշրջանային արդյունավետ համագործակցության համար ի շահ Հարավային Կովկասի բոլոր ժողովրդների: Բայց քանի որ մեր հարեւանները նման գործողությունների պատրաստ չեն, ԼՂՀ-ն ու Հայաստանը ղարաբաղյան հարցում պետք է քաղաքականություն վարեն երկու զուգահեռ ուղղություններով»,-նշել է դիվանագետը:



Նա համարում է, որ մի կողմից, անհրաժեշտ է վերսկսել բանակցային գործընթացը լիարժեք եռակողմ ձեւաչափով ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու տակ, մյուս կողմից` ակտիվ աշխատանք վարել առանձին երկրների եւ միջազգային կառույցների հետ դե-յուրե ԼՂՀ-ի ճանաչման ուղղությամբ: «Նման մոտեցումը դրական է բոլոր առումներով, քանի որ նույնիսկ ամենափոքր հաջողությունն երկրորդ ուղղությամբ կխթանի առաջաընթացը Մինսկի գործընթացում: Հայաստանի կողմից ԼՂՀ-ի «միանձնյա» ճանաչումը էական անհրաժեշտություն կդառնա Ադրբեջանի կողմից ԼՂՀ-ի դեմ զինված ագրեսիայի վերսկսման դեպքում: Իսկ այս փուլում ցանկալի կլիներ պայմանագրա-իրավական հիմք ստեղծել երկու հայկական պետությունների ռազմական համագործակցության համար: Դա շատ հարցեր կհաներ, այդ թվում, կապված ԼՂՀ Պաշտպանության բանակի շարքերում Հայաստանից կամավորների ծառայության հետ: Ակնհայտ է, որ ԼՂՀ Պաշտպանության բանակը պաշտպանում է ոչ միայն ԼՂՀ սահմանները, այլ նաեւ ՀՀ արեւելյան սահմանները` հյուսիսում Մռավի լեռներից մինչեւ հարավում գտնվող հայ-իրանական սահմանը: Համապատասխան միջպետական համաձայնագրերում անհրաժեշտ է նաեւ իրավաբանորեն ձեւակերպել Հայաստանի Հանրապետության որպես ԼՂՀ-ի եւ նրա ժողովրդի անվտանգության երաշխավորի կարգավիճակը»,-ընդգծել է Մաիլյանը:



Նա նաեւ նշել է, որ ադրբեջանական կողմի վերջին գործողությունները ավելի շատ շանտաժի են նման, քան իրական քայլերի, ուղղված Մինսկի խմբի համանախագահների փոփոխմանը կամ փլուզմանը: «Բանը նրանում է, որ Ադրբեջանից բացի կան հակամարտության նաեւ այլ կողմեր եւ միջնորդների ընտրությունը մեկ կողմի գործը չէ: Այստեղ հարկավոր է երեք կողմերի համաձայնությունը: Որոշ չափով այդ շանտաժը գործեց: Ինձ զարմացրեցին արդարացման երանգները համանախագահներից մեկի հարցազրույցում»,-ասել է Մաիլյանը, հաղորդում է Karabakh-Open.com-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---