Գործող նախագահը հրաժեշտ տվեց կառավարությանը

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը` իր պաշտոնավարման ժամկետի ավարտի կապակցությամբ, այսօր կառավարության նիստից հետո այցելել է կառավարություն եւ համատեղ ու երկարատեւ աշխատանքի համար շնորհակալություն հայտնել կառավարության անդամներին: ՀՀ նախագահը, մասնավորապես, ասել է.«Հատուկ ցանկություն եմ ունեցել գալ այստեղ`շնորհակալություն հայտնելու համար ձեզ բոլորիդ` համատեղ եւ երկարատեւ աշխատանքի համար: Շնորհակալ եմ ճակատագրին, որ ինձ բախտ պարգեւեց տասը տարվա ընթացքում պատասխանատվություն կրել Հայաստանի Հանրապետության համար: Չափազանց հետաքրքիր, բարդ, կարեւոր եւ բովանդակային առումով հագեցած տարիներ էին: Մեծ ճանապարհ է անցել երկիրը իր զարգացման մեջ: Լայնածավալ բարեփոխումներ են իրականացվել երկրում` բոլոր ուղղություններով, եւ հիմնական այդ բարեփոխումների նպատակը, իհարկե, երկրի արդիականացումն էր: Արդյունքներն ակնհայտ են. մեր քաղաքացիների կյանքի որակը նկատելիորեն բարելավվել է, բայց բոլորս պետք է նաեւ գիտակցենք, որ շատ եւ շատ անելիքներ դեռ առջեւում են: Նոր նախագահի եւ նոր կառավարության առջեւ բազմաթիվ մարտահրավերներ են կանգնած եւ խնդիրներ, որոնց լուծումը ո'չ պակաս դժվար, ո'չ պակաս պատասխանատու է լինելու եւ ճակատագրական է լինելու երկրի համար: Դա առաջին հերթին տնտեսական ոլորտում երկրորդ սերնդի բարեփոխումներն են, որոնց համար ավելի խոր արհեստավարժություն, ավելի խոր մասնագիտական գիտելիքներ են պետք լինելու եւ, իհարկե, միգուցե, ավելի մեծ ջանքեր են պահանջվելու: Եվ պետք է հաշվի առնեք, որ այս ամենը ապագա իշխանությունների համար` կատարելու տեսանկյունից, ավելի բարդ ժամանակահատվածում է լինելու, քանի որ բոլոր կանխատեսումներով համաշխարհային տնտեսության անկում է ենթադրվում եւ այդ տեսանկյունից, իհարկե, նոր իշխանությունների համար, նոր կառավարությունների համար, որոշակի բարդություններ հաղթահարելու առումով, ավելի մեծ կամք, ուժ, եռանդ է պահանջվելու:





Հայաստանի Հանրապետության առջեւ կանգնած է եւ շարունակում է կանգնած մնալ կարեւորագույնը` անվտանգության խնդիրը: Անցած տարիների ընթացքում աշխարհն ավելի անվտանգ չի դարձել, մեր տարածաշրջանը շարունակում է լի մնալ հակասություններով եւ հետեւողական քայլեր են անհրաժեշտ լինելու ձեռնարկել երկրի անվտանգությունը էլ ավելի ամրապնդելու ուղղությամբ, բանակի մարտունակությունն ուժեղացնելու ուղղությամբ: Իհարկե, այս ամենը պետք է, իմ կարծիքով, զուգորդվի ճկուն եւ համարժեք դիվանագիտական քայլերով: Համոզմունք ունեմ, որ պետք է քայլեր ձեռնարկվեն պետականության հիմքերն ամրապնդելու ուղղությամբ: Կան ուժեր` նաեւ դրսում, որոնց համար կայուն եւ բարգավաճ Հայաստանը ցանկալի չէ: Ցավոք, կան նաեւ դրսում գործիչներ, որոնք պատրաստ են այդ նպատակին ծառայելու: Թույլ, ազդեցությունների նկատմամբ զգայուն երկիրը չի կարող ապահովել երկրի եւ իր քաղաքացիների անվտանգությունը եւ չի կարող ապահովել նաեւ ժողովրդավարական լուրջ ձեռքբերումները, որոնք այս տարիների ընթացքում մենք ունեցել ենք, եւ, իհարկե, իմ ցանկությունը, իմ հորդորն այն է, որ ապագա նախագահը, կառավարությունը հաջողեն այս մարտահրավերներին համարժեք պատասխան տալու իրենց աշխատանքի մեջ: Շնորհակալություն ձեզ: Բոլորիդ լավ տրամադրություն եմ ցանկանում եւ ամենայն բարիք»,-ասել է Ռ.Քոչարյանը, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---