Հայաստանի կողմից ԼՂՀ անկախության փաստի ճանաչումը տրամաբանական եւ արդարացված տարր է

PanARMENIAN.Net - «Ելնելով այն բանից, որ Ադրբեջանը չի դիմում պատասխան զիջումների, որոնք փոքրիշատե առադրելի լինեն ՀՀ առաջարկություններին, Հայաստանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության փաստի ճանաչումը թվում է ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացի տրամաբանական եւ արդարացված տարր»,- հայտարարել է ՀՀ ՊՆ ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, գեներալ-մայոր, քաղաքական գիտությունների դոկտոր Հայկ Քոթանջյանը: Ըստ նրա` տվյալ փուլում ավելի պրագմատիկ կլիներ նախքան ճանաչման գործընթացն սկսելը մշակել ԼՂՀ եւ ՀՀ համագործակցության ռազմավարությունը Հարավային Կովկասում խաղաղության, կայունության եւ անվտանգության պահպանման գործում: «Այս Ռազմավարության եւ դրա իրականացման ուղղությամբ քաղաքականության գլխավոր գերակայություններ պետք է լինեն հայ ժողովրդի նկատմամբ ցեղասպանության կրկնման երաշխավորված բացառումը, ինչպես նաեւ երկու ինքնիշխան հայկական պետությունների կայուն, անվտանգ ու ժողովրդավարական զարգացման ապահովումը` նրանց առաջադիմական միջազ-գային ինտեգրման համատեքստում: Ազգային գերակայությունների ամբողջ շրջանով մեկ Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի դաշնակցային համագործակցության համաձայնեցված ռազմավարություն ունենալը հնարավորություն կտա մշակելու միջնաժամկետ եւ երկարաժամկետ քաղաքականություն, ինչպես նաեւ պլանավորելու նրա արդյունավետ ապահովումը»,- նշել է Քոթանջյանը:



Նա նաեւ գտնում է, որ Լեռնային Ղարաբաղը եւ Հայաստանը, հետամուտ լինելով միջազգային իրավունքի` համընդհանուր ճանաչում ստացած սկզբունքներին ու նորմերին, կարող են հաստատութենացնել միջպետական համագործակցությունը: «Խոսքը վերաբերում է խաղաղության պահպանման եւ իրենց կայուն անվտանգ զարգացման հարցերում ՀՀ եւ ԼՂՀ համագործակցության ռազմավարության մշակման եւ իրականացման գծով համատեղ Միջպետական հանձնաժողովի ձեւավորմանը: Պետությունների ղեկավարների գլխավորած այս Միջպետական հանձնաժողովի քարտուղարության կազմում կարող են ներգրավվել ԼՂՀ եւ ՀՀ նախագահների, խորհրդարանների, ինչպես նաեւ կառավարությունների լիազոր ներկայացուցիչները: Միջպետական հանձնաժողովի գործունեության կոնկրետ իրավաքաղաքական արգասիքները, այդ թվում` պայմանագրերի նախագծերը, կարելի կլիներ փորձաքննության ներկայացնել ոչ միայն կողմերի պետական հաստատությունների, այլեւ` անհրաժեշտության դեպքում, Սփյուռքի եւ միջազգային հանրության հեղինակավոր կազմակերպությունների: Ռազմավարության եւ քաղաքական, տնտեսական, պաշտպանական ու տեղեկութային ռեսուրսների պլանավորման, կուտակման, համադասման եւ նպատակային իրացման կենտրոնում պետք է դրված լինեն հայկական պետականության` ի դեմս Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, երկմիասնության ամրապնդման եւ առաջադիմական զարգացման շահերը: Չեմ բացառում նաեւ այն, որ ժամանակի ընթացքում Միջպետական հանձնաժողովը ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի միջեւ ռազմավարական հարաբերությունները փոխակերպի երկու ինքնիշխան եղբայրական պետությունների միջեւ փափուկ համադաշնային համագործակցության»,- ընդգծել է Քոթանջյանը, հաղորդում է ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---