Զոհրաբյան. ԲՀԿ-ն հավակնում է «բացարձակ մեծամասնության» ԱԺ արտահերթ ընտրություններում

Զոհրաբյան. ԲՀԿ-ն հավակնում է «բացարձակ մեծամասնության» ԱԺ արտահերթ ընտրություններում

PanARMENIAN.Net - Երկրում ստեղծված է ոչ ստանդարտ քաղաքական իրավիճակ, որի իրավական հանգուցալուծումը մեկն է՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այդ մասին Ազգային ժողովում հայտարարել է «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով, որ ԲՀԿ-ն հավակնում է ընտրողների բացարձակ մեծամասնության վստահությունը ստանալ ԱԺ արտահերթ ընտրություններում, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Պատգամավորը նշել է, որ որևէ սենսացիա պետք չէ փնտրել տարածքային պատասխանատուների հետ իրենց հանդիպումներում՝ նշելով, որ դա իրենց ամենօրյա աշխատանքն է:

Նա հավելել է, որ «Բարգավաճ Հայաստանը» հենց վաղն էլ պատրաստ է գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների, բայց նաև հասկանում է, որ մինչ ընտրությունները իրավական մի քանի խնդիր պետք է լուծել, մասնավորապես՝ Ընտրական օրենսգիրք, ռեյտինգային, այն է՝ տարածքային ցուցակների հանում, մասնավորապես, միասնական մատնահետքերի շտեմարանի ներառում, կամ որևէ այլ մեխանիզմ, որը կբացառի կրկնաքվեարկությունները։

«Եթե իսկապես լինի ցանկություն, քաղաքական կոնսենսուս քաղաքական ուժերի հետ, կարծում եմ, որ մենք կարող ենք հուլիսին, մինչև խորհրդարանի պաշտոնական արձակուրդի մեկնարկն ավարտել Ընտրական օրենսգիրքը։ Մեզ համար ցանկացած ժամկետ ընդունելի է, թեկուզ հենց վաղը, բայց մենք հասկանում ենք նաև, որ այստեղ մենք խնդիր ենք ունենալու նաև մնացյալ քաղաքական ուժերի հետ, քաղաքական համաձայնության և այդ մի քանի կարևոր խնդիրները։ Իրատեսական եմ համարում աշնանը արտահերթ ընտրություն անցկացնելը»,-ասել է Զոհրաբյանը։

Նա հավելել է նաև, որ «Բարգավաճ Հայաստանը» հավակնում է բացարձակ մեծամասնություն վերցնել արտահերթ ընտրություններում՝ «հաշվի առնելով իր հանրային վստահությունը, հաշվի առնելով կուսակցության առաջնորդի հանրային մեծ վստահությունը, հաշվի առնելով տարիների քաղաքական կշիռը, վարկանիշը»:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Գագիկ Ծառուկյանի վարկանիշն ավելի բարձր է, քան Նիկոլ Փաշինյանինը՝ Զոհրաբյանն ասել է. «Գագիկ Ծառուկյանը Հայաստանի ամենաբարձր վարկանիշ ունեցող քաղաքական գործիչներից է, և եթե որևէ մեկն այդ վարկանիշը կարող է կասկածի տակ դնել, ես մեծապես կզարմանամ։ Ես հիմա չեմ ցանկանում, որ մենք վարկանիշների պայքար սկսենք»։

Մայիսի 21-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններն առաջնահերթություն են գործող կառավարության համար: «Սա չի նշանակում, սակայն, որ ընտրությունները նոր կառավարության միակ խնդիրն է, կառավարությունը պետք է գործի բնականոն ձևով և ունի ու ունենալու երկարաժամկետ ծրագրեր», - ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ կարևորը ոչ այնքան ընտրությունների ժամկետն է, որքան որակը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---