Հայաստանի խորհրդարանը առաջարկում է ակտիվացնել Ղարաբաղի հակամարտության կարգավորման ջանքերը

PanARMENIAN.Net - Հայաստանի խորհրդարանը հինգշաբթի սկսել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով հայտարարության քննարկումը, որում անհանգստություն է հայտնվում այդ գործընթացի շուրջ ծավալվող խնդիրների հարցով: «Հայաստանի Ազգային Ժողովը առաջարկում է նախագահին եւ կառավարությանը ակտիվացնել եւ ընդարձակել ջանքերն ու հնարավորությունները Ղարաբաղի խնդրի շուրջ` այն միջոցառումների մշակման եւ իրականցման նպատակով, որոնք ուղված կլինեն Ղարաբաղի խնդրի մասին միջազգային հանրության լիարժեք տեղեկացմանը»,- հայտնել է հայտարարության նախագծի հեղինակ, Հայաստանի ԱԺ խոսնակ Տիգրան Թորոսյանը, ներկայացնելով փաստաթուղթը:



Նա նշել է, որ առաջարկությունների թվում են հետեւյալ կետերը. հայկական քաղաքականությանն ավելի նախաձեռնային բնույթ հաղորդել Լեռնային Ղարաբաղի հարցում, ինչպես նաեւ միջազգային իրավունքի շրջանակներում ձեւավորել այն իրավական հիմքերը, որոնք Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիայի կամ ուժի կիրառման դեպքում Հայաստանին թույլ կտան ապահովել Լեռնային Ղարաբաղի լիարժեք անվտանգությունն ու պաշտպանությունը:



«Նման փաստաթղթի անհրաժեշտությունը պայմանվորված է մի շարք պատճառներով, որոնց թվում է նաեւ այն փաստը, որ վերջին շրջանում գործընթացները Ղարաբաղի խնդրի շուրջ լավատեսություն չեն ներշնչում: Ավելի հաճախակի են դարձել Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները եւ ատելություն է քարոզվում Հայաստանի եւ հայերի նկատմամբ»,- ասել է խոսնակը:



Փաստաթղթում նշվում է, որ հայկական կողմը «վտանգավոր է համարում Ադրբեջանի բարձրատիճան այրերի շարունակաբար հնչող ռազմատենչ հայտարարություններն ու հակահայկական քարոզչությունը, որը հակամարտության խաղաղ կարգավորումը կասեցնելու նպատակ ունի, ինչպես նաեւ միջազգային հանրության անհանգստության անհասցե լինելը»:



Փաստաթղթում նշվում են «հակամարտության խաղաղ կարգավորումը կասեցնելու Ադրբեջանի չքողարկվող քայլերը, որը ցանկանում է նավթային ֆինանսական հոսանքների հաշվին հասնել ռազմական գերազանցության եւ ռազմական ճանապարհով կարգավորել խնդիրը, ինչպես նաեւ Ադրբեջանի շանտաժը ԵԱՀԿ Մինսկի խմբի նկատմամբ, որը ուղեկցվում է բանակցությունները այլ ատյաններ տեղափոխելու փորձերով»:



Հայկական խորհրդարանի ղեկավարը ցավով նշել է, որ տարբեր միջազգային ատյաններ անհամարժեք պատասխան են տալիս Ադրբեջանի քայլերին, մեծ մասամբ անհասցե հայտարարություններ անելով ռազմատենչ հայտարարությունների դեմ, չներկայացնելով` ում կողմից եմ դրանք հնչում: Թորոսյանն ասել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները իրենց հայտարարություններում, կարծես, մոռացել են, որ կարգավորման հիմքում երկու սկզբունք կա եւ անընդհատ խոսում են տարածքային ամբողջականության մասին: Մինչ դեռ, խոսնակի խոսքերով, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը հանդիսանում է անվիճելի եւ անթերի միջազգային իրավունքի տեսանկյունից:



Հայտարարությունը քննարկումներից եւ առաջարկություններ ներկայացնելուց հետո կընդունվի որպես Ազգային Ժողովի հանրագումարային փաստաթուղթ ղարաբաղյան կարգավորման հարցի շուրջ, հաղորդում է «Նովոստի-Առմենիան»:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---