Գլխավոր դատախազը Մասիսի քաղաքապետի և փոխքաղաքապետի լիազորությունները կդադարեցնի

Գլխավոր դատախազը Մասիսի քաղաքապետի և փոխքաղաքապետի լիազորությունները կդադարեցնի

PanARMENIAN.Net - Գլխավոր դատախազը Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի և փոխաքաղաքապետ Կարեն Օհանյանի պաշտոնավարումը ժամանակավորապես դադարեցնելու մասին որոշում է կայացրել: Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնել է, որ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ հանրային ծառայության մեջ գտնվող Համբարձումյանն ու Օհանյանը՝ պաշտոնում մնալով կխոչընդոտեն մինչդատական վարույթում քրեական գործի քննությանը:

«Ուստի, հիշյալ քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով 2018թ. հունիսի 5-ին որոշումներ է կայացրել Դ. Համբարձումյանի և Կ. Օհանյանի պաշտոնավարումը ժամանակավոր դադարեցնելու մասին: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հիշյալ որոշումները կատարման նպատակով ուղարկվել են Մասիսի քաղաքապետարան, միաժամանակ իրազեկելով ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը», - նշել են դատախազությունից:

Ավելի վաղ, զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով ձերբակալվել էին Մասիսի քաղաքապետն ու փոխքաղաքապետը: Ավելի ուշ, դատարանը նրանց կալանավորելու միջնորդությունը մերժել էր և նրանք ազատ էին արձակվել:

Դավիթ Համբարձումյանը մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու և դրանց մասնակցելու, իսկ փոխքաղաքապետը՝ զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ:

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---