Աշոտյան. «Միջգերատեսչական հանձնաժողովում ԱԺ անդամներ չկան՝ հուսամ, անփորձության հետևանք է»

Աշոտյան. «Միջգերատեսչական հանձնաժողովում ԱԺ անդամներ չկան՝ հուսամ, անփորձության հետևանք է»

PanARMENIAN.Net - Հայաստան-ԵՄ համաձայնագրի կիրարկումն ապահովելու նպատակով վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի կազմում ԱԺ-ից պատգամավորներ զարմանալիորեն ընդգրկված չեն։ Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն իրֆեյսբուքյան գրառման մեջ՝ հույս հայտնելով, որ դա անփորձության և անուշադրության հետևանք է:

«Լրատվական աղմուկի և օրվա PR-ի մեջ հասարակության ուշադրությունից վրիպեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հուլիսի 2-ի որոշումը 2017-ի նոյեմբերի 24-ին ստորագրված` Հայաստանի և Եվրոպական Միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկումն ապահովելու նպատակով՝ միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին որոշումը: Ասենք, որ այս որոշումը և սպասված էր, և ուշացած: Խնդրի կարևորության մասին կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանին հարցն ուղղել եմ դեռ մայիսի 23-ին»,-գրել է նա:

Աշոտյանը հավելել է, որ նշված համաձայնագիրը անցումային կարգավորումներով ուժի մեջ է մտել հունիսի 1-ից և մեկուկես ամիս անց նրանով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովը վերջապես ձևավորվեց և փոխվարչապետերից հանձնաժողովի ղեկավար նշանակվեց Մհեր Գրիգորյանը:

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը կարևորում է այս որոշումը թե գործնական, այն է՝ Հայաստան-ԵՄ համաձայնագիրը թղթերի տրցակից գործողությունների վերածելու, թե քաղաքական՝ Նիկոլ Փաշինյանի՝ Բրյուսել կատարելիք այցի նախաշեմին, տեսակետներից:

«Ծանոթանալով հանձնաժողովի կազմին՝ զարմացա, որ ի տարբերություն նախորդ նման հանձնաժողովի, որը ղեկավարում էր փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը և որի կազմում Ազգային Ժողովից ներկայացված էի ես որպես արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար, այս անգամ խորհրդարանից որևէ մեկը ներգրավված չէ այս աշխատանքներում»,-գրել է նա: Աշոտյանն ավելորդ չի համարում հիշեցնել, թե ինչպիսին է խորհրդարանի առաքելությունն այս համաձայնագրի արդյունավետ իրագործման մեջ՝

1. Ակնկալվող բազմաթիվ օրենսդրական փոփոխությունների քննարկում և ընդունում 2.Խորհրդարանական վերահսկողություն 3. ԵՄ-Հայաստան խորհրդարանական Գործընկերության հանձնաժողովի ստեղծում 4. Համաձայնագրի լիարժեք և արագ վավերացում և ազգային, և եվրոպական մակարդակներում: 5. Հանրային իրազեկում 6. Հասարակության ներգրավում:

«Հուսամ, ստեղծված վիճակը ոչ թե քաղաքական որոշման, այլ նախագիծը մշակող մարդկանց անփորձության և անուշադրության հետևանք է: Եթե այդպես է, ապա այն շտկելի է, եթե ոչ՝ ապա որդեգրված գործելաոճը միայն խաթարելու է արտաքին դաշտում միասնական գործելու կարևորությունը և ջլատելու է ներպետական ներուժը արտաքին քաղաքականության ասպարեզում», - գրել է Արմեն Աշոտյանը:

Հայաստանի և ԵՄ-ի միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2017թ. նոյեմբերի 24-ին, Բրյուսելում:Համաձայնագիրը վավերացրել են Լատվիան, Լիտվան,Էստոնիան, Լեհաստանը և Լյուքսեմբուրգը:

Եվրախորհրդարանը կողմ է քվեարկել՝ ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրի կոնսենտին և ԵՄ-Հայաստան հարաբերություններին վերաբերող բանաձևին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---