Վայոց ձորում բացվել է Հայաստանի առաջին կոնտեյներ-հյուրանոցը

Վայոց ձորում բացվել է Հայաստանի առաջին կոնտեյներ-հյուրանոցը

PanARMENIAN.Net - Վայոց ձորի մարզում բացվել է Հայաստանում առաջին կոնտեյներ-հյուրանոցը՝ ճարտարապետական թարմ լուծումներով, «կանաչ» ուղղվածությամբ և ակտիվ տուրիզմի զարգացման տեսլականով:

10 համար ունեցող հյուրանոցի կառուցման կոնցեպտի հիմքում բեռնարկղերի (կոնտեյներ) վերամշակումն ու վերօգտագործումն է, ինչի արդյունքում հնարավոր է եղել հետաքրքիր նախագիծ ստանալ: Չնայած տարբեր երկրներում նման պրակտիկա արդեն իսկ կա, գաղափարը Հայաստանում հաջողությամբ կյանքի է կոչվել առաջին անգամ:

PanARMENIAN.Net -ի հետ զրույցում հյուրանոցի հիմնադիր և գաղափարի հեղինակ Գևորգ Գասպարյանն ասաց, որ ինքն էլ ոգեշնչվել է արտասահմանյան փորձից ու որոշել նախաձեռնությունն իրականացնել Եղեգիս գյուղում:

«Տեղանքի ընտրությունն ինչ-որ առումով պայմանավորված է այն հանգամանքով, որ Եղեգիսի կիրճը մեծ հետաքրքրություն է ներկայացնում արշավային ու ակտիվ տուրիզմի սիրահարների համար: Առհասարակ Վայոց ձորի մարզը հարուստ պատմամշակութային ժառանգություն ունի, և այստեղ հնարավոր է մի քանի օր տարբեր նախասիրություններ ունեցող զբոսաշրջիկների զբաղեցնել՝ դասական տուրիզմից մինչև արշավային ու արտաճանապարհային տուրեր, հեծանվային ու լեռնադահուկային տուրիզմ՝ կախված եղանակից»,- ասաց Գասպարյանը:

«Յուրահատուկ ոճ ենք ստացել՝ հետաքրքիր լուծումներով, ավանդական ոչ մի ճարտարապետական ուղղության նման չէ: Սա նաև recycling-ի (վերամշակման) լավ փորձ է»:

«Արևի» հյուրանոցի շենքը կառուցելիս օգտագործվել են միայն էկոլոգիապես մաքուր նյութեր, տուֆի մի քանի տարատեսակ ներքին հարդարման համար, փայտ, երկաթ ու ապակի, ձայնա- և ջերմամեկուսիչ նյութեր:

Գասպարյանն ավելացրեց, որ մոտ ապագայում նախատեսում են հյուրանոցի տանիքին բացօթյա բար բացել:

Շինարարության մեջ ներգրավվել են տեղի բնակիչները, և այսօր էլ համայնքային ներգրավումը նախագծի կարևոր բաղադիչներից է. աշխատակիցները եղեգիսցիներ են, սնունդը՝ միայն տեղական:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---