«Գաֆէսճեան»-ը Երևանին անշարժ գույք է նվիրաբերել՝ պայմանով, որ այդ տարածքները չեն կառուցապատվի

«Գաֆէսճեան»-ը Երևանին անշարժ գույք է նվիրաբերել՝ պայմանով, որ այդ տարածքները չեն կառուցապատվի

PanARMENIAN.Net - «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամը Երևանին է նվիրաբերել 5105 քմ մակերեսով անշարժ գույք։ Այդ մասին Երևանի ավագանու ապրիլի 16-ի նիստում հայտնել է քաղաքապետարանի աշխատակազմի Անշարժ գույքի կառավարման վարչության պետ Վահան Խաչատրյանը՝ անշարժ գույքը որպես նվիրատվություն ընդունելու մասին հարցի քննարկմանը։

««Գաֆեսճեան թանգարան» հիմնադրամի տնօրենը Երևանի քաղաքապետին հասցեագրված դիմումով հայտնել է հիմնադրամի պատրաստակամությունը Երևան համայնքին անշարժ գույք նվիրաբերելու վերաբերյալ՝ պայմանով, որ նվիրաբերված տարածքներում կառուցապատման աշխատանքներ չեն իրականացվելու, դրանք այլ անձանց չեն փոխանցվելու և օգտագործվելու են միայն բարեկարգման նպատակով»,-մանրամասնել է Խաչատրյանը, հայտնում է Արմենպրեսը։

Նրա խոսքով՝ «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամը որպես նվիրատվություն Երևան համայնքին է նվիրաբերում սեփականության իրավունքով իրեն պատկանող Անտառային փողոցի համար 1, 1ա,13,139, Ջրաշատ փողոցի համար 27, Սարմենի փողոցի համար 19 և 29 հասցեներում գտնվող ընդհանուր 5105 քառակուսի մետր մակերեսով հողամասերը և դրանցում առկա շինությունները։

Վարչության պետը նշել է, որ Երևանի ավագանու 2022 թվականի համապատասխան որոշմամբ «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամի կողմից Երևան համայնքին էր նվիրաբերվել Կասկադ համալիրի տարածքի չկառուցապատված 11,83 հեկտար մակերեսով հողամասը, և համայնքը պատրաստակամություն էր հայտնել ավարտին հասցնել համալիրի վերին փոսորակի հատվածում կառուցապատման աշխատանքները՝ ապահովելով աստիճանների և շարժասանդուղքների կապը 50-ամյակի հուշարձանի աստիճանների հետ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---