ԲՀԿ-ական պատգամավորը դժգոհ է Նաիրա Զոհրաբյանին քաղաքապետի պաշտոնում առաջադրելուց

ԲՀԿ-ական պատգամավորը դժգոհ է Նաիրա Զոհրաբյանին քաղաքապետի պաշտոնում առաջադրելուց

PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ Երևանի ավագանու թեկնածուների կազմը Նաիրա Զոհրաբյանի կողմից գլխավորելը էապես նվազեցնում է ընտրություններում կուսակցության հաջողության հնարավորությունները՝ հաշվի առնելով այն, որ նա բացարձակապես չի տիրապետում Երևանի քաղաքային տնտեսության խնդիրներին: Այդ մասին հայտարարություն է տարածել «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում՝ նշելով, որ ԲՀԿ-ում կան շատ ավելի արժանավոր և ունակ կադրեր:

«Աղբանոցի մեկօրյա այցը և թունավորված զոհի դիմակ հագնելը դեռ բավարար չէ քաղաքապետ լինելու համար...Միթե՞ խելամիտ կլինի, որ վաղը ես ղեկավարեմ որևէ ծննդատուն կամ պատարագ անցկացնեմ Մայր Աթոռում:

Այո, այսօր ԲՀԿ-ում իրականում կա ներկուսակցական ժողովրդավարության մթնոլորտ, բայց, ցավոք, այն այսօր հանգել է վատագույնին...Ուրացած կլինեմ, եթե չասեմ, որ Ծառուկյանը ոչ մի խնդրի վերջնական լուծում չի տալիս՝ առանց թիմակիցներին լսելու...Բայց սա անակնալ էր...

ԲՀԿ-ում կան շատ ավելի արժանավոր և ունակ կադրեր (հանկարծ ինձ նկատի չունենաք, դա իմ տեղը չէ, իսկ այլ անուններ էլ չեմ տալիս, որ նրանց կրակը չգցեմ), ովքեր անհամեմատ ավելի պիտանի կլինեին Երևանն ի շահ երևանցու ղեկավարելու գործում... Բայց, զոռբա չլինելու հանգամանքը կանխեց նրանց լեգիտիմ ակնկալիքը...

Եվ ահա, պարզվեց, որ իմ հարազատ կուսակցության հարյուր հազարավոր անդամների մեջ միակ մարդը, ով իր կարծիքով, ունակ է զբաղեցնել ցանկացած պաշտոն (անգամ՝ կուսակցության հեղինակությունը գետնելու հաշվին), դարձյալ Նաիրա Զոհրաբյանն է... »,-ասվում է գրառման մեջ:

Գևորգ Պետրոսյանը նշում է, որ Գագիկ Ծառուկյանը եղել և մնում է իր ավագ եղբայրը, մարդ, ով իրեն՝ բանվորի որդուն, առանց որևէ ակնկալիքի, սատարել է իր քաղաքական կյանքում...

«Նա իմ համար իսկապես հարգելի մարդ է, ու ժամանակը դեռ շատ է ակնարկելու նրա անհրաժեշտությունը, բայց, եթե նրա ղեկավարած թիմում առանցքը Նաիրա Զոհրաբյանն է, ես այդտեղ անելիք չունեմ...

Այս ընտրությունը զուրկ է քաղաքական ու քաղաքագիտական պատվանդանից... Մենք իրականում շատ գրագետ և սրտացավ գործընկերներ ունենք... Իսկ ինչու՞ ոչ նրանք, այլ հենց Նաիրա Զոհրաբյանը, ում կյանքի հիմնական իմաստը եղել և մնում է գործընկերների գործեր «խառնելը»…Շնորհակալ եմ իմ քաղաքական ղեկավարին և իմ զուսպ ու նվիրյալ թիմակիցներին...», - ասվում է Պետրոսյանի հայտարարության մեջ:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Վանիկ Էլիզբարյանը, անդրադառնալով իր կուսակցի հայտարարությանը, իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Յուրաքանչյուր ոք պատասխանատու է իր խղճի և իր քայլերի համար, և մեր կողմից որևէ այլ գնահատական չի հնչելու»։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԲՀԿ քաղաքական խորհրդի քարտուղար Նաիրա Զոհրաբյանը կգլխավորի ԲՀԿ Երևանի ավագանու նախընտրական ցուցակը: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է ԲՀԿ մամուլի խոսնակ Վանիկ Էլիզբարյանը:

«Իսկ ինչ վերաբերում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կայացրած որոշմանը, որ Երեւանի ավագանու ընտրություններում ԲՀԿ համամասնական ցուցակը գլխավորելու է ԲՀԿ քաղաքական խորհրդի գլխավոր քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, ապա ԲՀԿ քաղաքական խորհրդի նիստում քվեարկությունը եղել է բաց եւ հրապարակային, եւ ԲՀԿ քաղաքական խորհուրդը միաձայն առաջադրել ու պաշտպանել է Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունը։ Կարծում եմ` սրանով ամեն ինչ ասված է։

Մեր քաղաքական թիմը միակամ, համախմբված պատրաստվում է ավագանու առաջիկա ընտրություններին եւ մեկ մարդու կարծիքը կուսակցության համար չի կարող որոշիչ լինել»,-ասվում է Էլիզբարյանի գրառման մեջ։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---