«Վեոլիա ջուրը» կաշառել է ՀԾԿՀ-ին փարիզյան շրջագայությամբ՝ ջրի թանկացման համաձայնություն ստանալով

«Վեոլիա ջուրը» կաշառել է  ՀԾԿՀ-ին փարիզյան շրջագայությամբ՝ ջրի թանկացման համաձայնություն ստանալով

PanARMENIAN.Net - «Վեոլիա ջուր» ընկերության դեկավարությունը սակագների ճշգրտման 2017-2018 թթ. հայտը հաստատելու նպատակով այն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ներկայացնելուց առաջ ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանի և ՀԾԿՀ ևս 7 պաշտոնատար անձանց համար գնել է Երևան-Փարիզ-Երևան ուղղությամբ տոմսեր ու հոգացել հյուրանոցի ծախսը, ընդհանուր՝ 12,6 մլն դրամի չափով։

Ոստիկանության հաղորդմամբ, վարչապետի՝ կոռուպցիայի դեմ պայքարի գծով օգնականի տրամադրած տեղեկությունների հիման վրա, պարզվել է, որ շրջագայությունից հետո հանձնաժողովի կողմից 22.11.2017 թ. համապատասխան որոշմամբ խմելու ջրի սակագինը բարձրացվել է 11,414 դրամով՝ 180 դրամից դառնալով 191,414 դրամ, որը սուբսիդավորման կարգով փոխհատուցում է ՀՀ կառավարությունը։ Շրջագայության ընթացքում հիշյալ պաշտոնատար անձանց ուղեկցել են «Վեոլիա ջուրի» գլխավոր տնօրեն Կրիստիան Լըֆեն, նրա օգնական-թարգմանիչ Արման Ալոևն ու ՓԲԸ-ի վարչական տնօրեն Մարիաննա Շահինյանը։

Դեպքի առթիվ հարուցվել է քրգործ։

Բացի այդ, պարզվել է, որ «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի գործառնական տնօրեն Գոռ Գրիգորյանը, նույն ընկերության «Արևելք» մասնաճյուղի տնօրեն Կարո Օհանյանը և «Արևմուտք» մասնաճյուղի տնօրեն Արամ Սահակյանը, լինելով համակուրսեցիներ և մտերիմ ընկերներ, ի պաշտոնե հնարավորություն ունենալով տիրապետելու և կառավարելու կազմակերպության մարտավարությունն ու ֆինանսական միջոցները, գումարներ հափշտակելու դիտավորությամբ 2017-2018 թթ. ընթացքում կազմակերպել են «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի կողմից գնումներ կատարելու, ինչպես նաև շինարարական աշխատանքների ծառայություններ մատուցելու գործառույթները, որոնց շրջանակում իրենց մերձավորների անվամբ հիմնադրված ու փաստացի նրանց պատկանող «ԷՄՕՇԻՆ», «ՇԻՆՄԱՍՏԵՐ», «ԳԱՎԱԹ», «ՀՈՐԻԶՈՆ», «ԴԵԼ-ՏԵԼԵԿՈՄ» և այլ ՍՊ ընկերությունների հետ շուկայականից, ինչպես նաև ՀՀ-ում սահմանված սակագներից անհամեմատ բարձր գներով կնքել են շուրջ 3,7 մլրդ դրամ արժողությամբ պայմանագրեր, որոնց կատարման շրջանակներում՝ հավելագրումների, կեղծ կատարողական ակտեր կազմելու և այլ չարաշահումներ կատարելու եղանակով յուրացրել են առանձնապես խոշոր չափերի գումարներ։

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---