Տիգրան Սարգսյան. Միացյալ Թագավորությունը կարող է կարեւոր դեր խաղալ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլին: Շնորհավորելով դեսպանին` մեր երկրում իր դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ, վարչապետը վստահություն է հայտնել, որ նրա գործունեությունը կնպաստի հայ-բրիտանական հարաբերություններում նոր առաջընթացի ձեռքբերմանը: Հայաստանի եւ Միացյալ Թագավորության միջեւ քաղաքական հարաբերությունների հետագա զարգացմանը զուգընթաց, Տիգրան Սարգսյանը կարեւորել է հատկապես տնտեսական համագործակցության խթանումը, որի` մասնավորապես, ապրանքաշրջանառության ծավալների ներկայիս մակարդակը, ըստ նրա, դեռեւս կողմերին գոհացնել չի կարող: ՀՀ վարչապետը նշել է, որ Հայաստանի կառավարությունն այսօր ունի երկրի տնտեսական զարգացման բավականին հավակնոտ ծրագրեր եւ պատահական չէ, որ առաջնահերթությունը տալիս է սոցիալական, տնտեսական առկա հիմնախնդիրների լուծմանը: Շնորհակալություն հայտնելով Միացյալ Թագավորության միջազգային զարգացման նախարարության կողմից մեր երկրի հանրային ոլորտի բարեփոխումներին եւ գյուղական շրջանների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման համար, Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է համագործակցությունը շարունակելու եւ դրանում նոր ծրագրեր ընդգրկելու հարցում: Տեղեկացնելով, որ ներկայումս, մասնավորապես, մշակվում է ՀՀ քաղաքացիական ծառայության հայեցակարգը, վարչապետն ակնկալել է բրիտանական կողմի աջակցությունը հայեցակարգի ներդրմանն ուղղված լրացուցիչ տեխնիկական օժանդակության ցուցաբերման գործում: Նա հավաստիացրել է նաեւ, որ Հայաստանի կառավարությունը հնարավորինս կնպաստի Միացյալ Թագավորության եւ ՀՀ-ի միջեւ կրկնակի հարկումից խուսափելու մասին համաձայնագրի ստորագրմանը, ինչը, ըստ նրա, լուրջ խթան կհանդիսանա մեր երկրի տնտեսվարող սուբյեկտների համար:



Դեսպան Լոնսդեյլը եւս հավաստել է տարբեր ոլորտներում Հայաստանում իրականացվող ծրագրերի շարունակականությունն ապահովելու բրիտանական կողմի ցանկությունը, որի շուրջ ներկայումս համագործակցում է նաեւ Եվրոպայի խորհրդի եւ Համաշխարհային բանկի հետ: Տեղեկացնելով, որ Միացյալ Թագավորությունը չի պատրաստվում կրճատել իր գործունեության շրջանակները Հայաստանում, դիվանագետը նշել է, որ դրանում շատ բան կախված է նաեւ Հայաստանում ընթացող ներքաղաքական զարգացումներից, տնտեսական հաջողություններից: Նա ընդգծել է հատկապես Հայաստանի կողմից իրականացվող տարածքային համաչափ զարգացման ծրագրին օժանդակելու կարեւորությունը:



Վարչապետ Տիգրան Սարգսյանը հավաստիացրել է, որ կարեւորելով երկրի ժողովրդավարացման գործընթացների խթանումը, ՀՀ կառավարությունը լուրջ ծրագրեր եւ որոշակի միջոցառումներ է նախատեսում, որոնք ուղղված են առկա հիմնախնդիրների լուծմանը:



Հանդիպման ժամանակ քննարկվել են նաեւ տարածաշրջանային հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է եղել հայ-թուրքական հարաբերություններին: Հավաստելով առանց նախապայմանների Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման Հայաստանի հայտնի դիրքորոշումը, վարչապետ Տիգրան Սարգսյանը կարծիք է հայտնել, որ Միացյալ Թագավորությունը կարող է կարեւոր դեր խաղալ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---