Արփինե Հովհաննիսյան. Ադրբեջանի բաղձալի ձևակերպումը տեղ չի գտել ԵԽԽՎ հերթական զեկույցի նախագծում

Արփինե Հովհաննիսյան. Ադրբեջանի բաղձալի ձևակերպումը տեղ չի գտել ԵԽԽՎ հերթական զեկույցի նախագծում

PanARMENIAN.Net - Ադրբեջանի համար բաղձալի ձևակերպումն առ այն, որ «Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մասն է», տեղ չի գտելԵԽԽՎ հերթական զեկույցի նախագծում: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը։

«Թերևս, եթե չլիներ Ադրբեջանի նախագահի երեկվա ռազմահայրենասիրական ու պաթոսախեղդ հիստերիան, չէի անդրադառնա այս հարցին, քանի որ չեմ սիրում վաղօրոք փակագծեր բացել։ԵԽԽՎ հոկտեմբերյան նստաշրջանին կտրամադրեմ առավել մանրամասն տեղեկատվություն, իսկ առայժմ փաստենք, որ հիստերիայի պատճառներից մեկն էլ այն էր, որ երկու օր առաջ հերթական անգամ Ադրբեջանի համար այնքան բաղձալի ձևակերպումը առ այն, որ «Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մասն է», տեղ չգտավ հերթակա զեկույցի նախագծում։

Պետք է նշել, իմ՝ որպես ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավարի պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում սա 6-րդ անգամն է, երբ բանաձևերում տեղ չեն գտնում կամ դուրս են բերվում ադրբեջանական լոբբինգի հետևանքով այս կամ այն զեկույցում տեղ գտած անցանկալի ձևակերպումները։ Նույն աշխատանքը կշարունակվի այսուհետ ևս»,-ասվում է գրառման մեջ:

Արփինե Հովհաննիսյանը հավելել է, որ Ալիևը կարիք ունի հասկանալու, որ ո՛չ Նիկոլ Փաշինյանին գովերգելը, իսկ հետո փնովելը իրեն չեն հանձնի Արցախը, ո՛չ էլ Հայաստանի ներքաղաքական հակասությունների վրա հույս դնելով, նա կարող է երբևէ հասնել հայկական կողմի պաշտպանության թուլացմանը:

«Երբ հարցը վերաբերում է մեր գոյությանն ու ինքնությանը չկա ոչ մի հակասություն երկրի ներսում և փոխզիջում Ադրբեջանի համար։ Հիշե՛ք չեք հաջողելու: Ձեր խնդիրներով զբաղվեք։Դրանցից շատ ունեք»,-ասվում է գրառման մեջ։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ հանդիպմանը հայտարարել է, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր «հակասական հայտարարություններով ձգտում է խափանել ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցային գործընթացը»:

Ալիևը ասել է նաև, թե Ադրբեջանում այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ «Փաշինյանը ձգտում է խափանել բանակցային գործընթացը»: «Այդ դեպքում ամբողջ պատասխանատվությունն ընկնում է հայկական կողմի և անձամբ Փաշինյանի վրա»,-ասել է նա:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---