Փաշինյանը խելամիտ է համարում ՀՀԿ խմբակցության հայտարարությունը

Փաշինյանը խելամիտ է համարում ՀՀԿ խմբակցության հայտարարությունը

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խելամիտ որոշում է համարում Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության հայտարարությունը, ըստ որի՝ խմբակցությունը «չուներ և չունի մտադրություն առաջադրելու վարչապետի իր թեկնածուն»:

«Ոչ թե ողջունում եմ, այլ խելամիտ որոշում եմ համարում», - այսպես է արձագանքել վարչապետը հարցին՝ ողջունո՞ւմ է արդյոք այդ հայտարարությունը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հանդիպել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ: «Երեկվա հայտարարությունից հետո ես ուղղակի հարկ համարեցի գալ Ազգային ժողով», - հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասել է նա՝ հավելելով, որ պատրաստվում է հանդիպել նաև Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ:

Հանրապետականի կողմից վարչապետի թեկնածու առաջադրելը, ըստ վարչապետի, պետք է դիտարկվեր որպես երկրում վիճակը ապակայունացնելու փորձ:

Դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման ստորագրահավաքին Ազգային ժողովի մեկուկես տասնյակից ավելի պատգամավորների միանալու վերաբերյալ Փաշինյանն ասել է, որ պատգամավորները լսեցին ժողովրդի ձայնը և անհրաժեշտ արձագանք տվեցին:

Ճնշումների մասին հարցին վարչապետը պատասխանել է․«Եթե ճնշում եղել է, դա ժողովրդական ճնշում է, որովհետև այսօր Ազգային ժողովի բոլոր, կամ եթե ոչ բոլոր, ուրեմն՝ շատ պատգամավորներ իրենց հարևանների, բարեկամների, երբեմն նույնիսկ ընտանիքի անդամների ճնշման ներքո են և նրանք, կարծում եմ, առաջին հերթին իրենց շրջապատի ճնշմանն են չակերտավոր արձագանքել»:

Սիրո և համերաշխության մթնոլորտի վերականգնման մասին հարցին Փաշինյանն ասել է, որ հիմա աշխատում է դրա վրա:

Հոկտեմբերի 9-ին ՀՀԿ-ն հայտարարություն է տարածել ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ, որտեղ նշվում է, որ կուսակցությունը, չընդունելով դեկտեմբեր ամսին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ ՀՀ կառավարության բերած հիմնավորումները, «չուներ և չունի մտադրություն առաջադրելու վարչապետի իր թեկնածուին»:«Մենք հոգեհարազատ ենք մնում մեր որդեգրած քաղաքականությանը և չենք խոչընդոտում ՀՀ Կառավարության աշխատանքներին», - մասնավորապես ասվում է հայտարարության մեջ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---