Ավինյանը դատի է տալիս Politik.am-ին՝ իրեն զրպարտելու համար

Ավինյանը դատի է տալիս Politik.am-ին՝ իրեն  զրպարտելու համար

PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ պատրաստվում է դատական հայց ներկայացնել՝ ընդդեմ Politik.am կայքի՝ իրեն զրպարտելու համար։

«Պետք է հստակորեն տարբերակել հանրությանը տարբեր թեմաների վերաբերյալ իրազեկող և իշխանության նկատմամբ վերահսկողության գործառույթ կատարող մամուլը՝ հերյուրանքներ և իրականության հետ որևէ աղերս չունեցող տեղեկատվություն տարածող ռեսուրսներից։ Վերջերս նմանատիպ կայքերից մեկում «անհերքելի» տեղեկատվություն հայտնվեց իմ՝ մարիխուանա ծխելու մասին։ Տեղեկացնում եմ, որ պատրաստվում եմ դատական հայց ներկայացնել ընդդեմ Politik.am-ի՝ ինձ զրպարտելու համար։ Տեղեկացնում եմ նաև, որ նմանատիպ իրավիճակներում պահանջելու եմ ոչ միայն զրպարտություն համարվող փաստացի տվյալների հրապարակայնորեն հերքում, այլև փոխհատուցում, որը ուղղելու եմ լրագրության ֆակուլտետներում բարձր առաջադիմություն ունեցող ուսանողների վարձերի վճարմանը», - գրել է Ավինյանը:

Ավելի վաղ կայքը պնդել էր, որ իրենց հրապարակած տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը և եթե դատական գործը մտնի դատարան, ապա ստիպված կլինի փոխվարչապետ Ավինյանն իրենց պահանջով նաև արյան փորձաքննություն անցնել, որից հետո «անհնար կլինի հերքել փաստը»:

«Մենք համառորեն պնդում ենք, որպեսզի փոխվարչապետ Ավինյանը դատական հայց ներկայացնի մեր դեմ և խոստանում ենք դա չդիտարկել ճնշում մամուլի վրա: Իսկ եթե չլինի դատական հայց մեր դեմ՝ դա կլինի խոսուն փաստ այն մասին, որ մեր տեղեկությունները ավելի քան ճիշտ էին», - գրել էր կայքի խմբագրությունը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---