Վահրամաբերդ և Հովունի համայնքների ճանապարհները վերանորոգվել են

Վահրամաբերդ և Հովունի համայնքների  ճանապարհները վերանորոգվել  են

PanARMENIAN.Net - Շիրակի մարզի Վահրամաբերդ համայնքը Հ32 հանրապետական ճանապարհի հետ կապող մոտ 1 կմ երկարությամբ ճանապարհահատվածի և Հովունի համայնքը Մ1 միջպետական ավտոճանապարհին և Մայիսյան համայնքին կապող շուրջ 5 կմ երկարությամբ ճանապարհահատվածի վերանորոգման աշխատանքներն ավարտվել են, հայտնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը:

Ճանապարհահատվածները շահագործման ընդունելու համար Շիրակի մարզ էր մեկնել նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանի հրամանով ստեղծված ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովը։

Շինարարական աշխատանքներն իրականացվել են «Մերձմոսկովյան» ԲԲԸ և «Մոստովիկ» ՍՊԸ համատեղ ձեռնարկության կողմից։ Վերանորոգման աշխատանքները մեկնարկել են այս տարվա մարտի 23-ին, ավարտը նախատեսված էր դեկտեմբերի 23-ին։ Վերանորոգումը, սակայն, ավարտվել է նախատեսված ժամկետից 3 ամիս շուտ։

Ճանապարհահատվածը վերականգնվել է Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավում ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի շրջանակներում, իսկ աշխատանքների պատվիրատուն «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ն է:

Մինչև վերանորոգումը ճանապարհահատվածների ասֆալտբետոնե պատվածքը քայքայված էր, որոշ հատվածներում ասֆալտբետոնե ծածկը բացակայում էր, հողային պաստառի վրա կային նստվածքներ, փոսեր, լայնական թեքությունները չէին համապատասխանում շինարարական նորմերին: Անմխիթար վիճակում էին երթևեկության կազմակերպման ու անվտանգության տարրերը, բացակայում էին ճանապարհային նշանները:

Շինաշխատանքների արդյունքում 6 կիլոմետրանոց ճանապարհահատվածների երթևեկելի մասն ամբողջությամբ վերակառուցվել է: Իրականացվել են հողային պաստառի վերականգնման, ջրահեռացման համակարգի նորոգման, կողնակների ամրացման, ճանապարհի կահավորման աշխատանքներ:

Շիրակի մարզի Մարմաշեն խոշորացված համայնքի (որի մեջ մտնում են նաև Վահրամաբերդն ու Հովունին) ղեկավար Կարեն Արշակյանը նշում է, որ ցանկացած ճանապարհի վերանորոգում նպաստում է մարդկանց կյանքի որակի բարելավմանը։ Պարոն Արշակյանը նկատեց, որ Մարմաշեն խոշորացված համայնքում կան անմխիթար վիճակում գտնվող ճանապարհներ, որոնք ցանկալի կլիներ ներգրավել վերականգնման ծրագրերում։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---